
Փորձված մահափորձը անփորձ խուլիգանից լավ է. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 23-ին Ազատության հրապարակում մի հարբած քաղաքացի փորձել էր հարձակվել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա՝ նրան հայհոյելով և անվանելով դավաճան: Եվ ահա դեպքից երկու օր անց «Ժառանգությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղի ունեցածը որակելով «ոտնձգություն Ր. Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ»:
Թեև քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, «Ժառանգությունն» ամեն դեպքում ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ՝ պահանջելով «անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը»:
Զավեշտն այն է, որ կուսակցության երկօրյա աշխատանքի արդյունքում պատրաստված հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ ոստիկանությունն արդեն հրապարակել էր քաղաքացու ինքնությունը, ձեռքին միայն թղթապանակ ունեցող «հնարավոր մարդասպանը» 1961 թ ծնված Ղազար Ղ-ն է, որի մոտ որևէ զենք չի հայտնաբերվել:
Թե որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը, այն էլ դեպքից երկու օր անց, թողնում ենք առանց մեկնաբանության»: