Աշխատանքից ազատել են «ճիշտ խոսելու» համա՞ր
«Ինքն՝ առանց ամաչելու, ներող կլինեք, պուբլիչնի, ամբողջ ժողովրդի մոտ ասաց` «Սիքտիր եղիր, դու էլ, դատարանն էլ, ես բացատրելու բան չունեմ». «Դինո գոլդի» աշխատակցի պնդմամբ` իրեն ասել է ընկերության վարչական հարցերով տնօրենը:
Արմեն Խուրշուդյանն աշխատում էր Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում` որպես մեքենավար: Այս տարվա մարտի 14-ին, սակայն, նրան ազատեցին աշխատանքից, ըստ Ա. Խուրշուդյանի՝ առանց հիմնավորման: «Ոչ մի հիմնավորում չտվեցին: Ես իրիկվա սմեն աշխատանքի էի, առավոտը դուրս եկա, ասացին` կանտորից կանչել են: Գնացի հաշվապահություն, կադրերի բաժնի վարիչը եկավ-ներկայացավ, ասաց, որ ես գործից ազատված եմ»,- ասաց Ա. Խուրշուդյանը: Նրա խոսքով` երբ հետաքրքրվել է, թե ի՞նչ հիմնավորմամբ են ազատում աշխատանքից, ասել են, թե մի քանի պատճառներ կան: «Ես էլ ասացի` մի քանի պատճառ պետք չի, մեկն ասեք, հիմնավորեք, ես էլ վեր կենամ, ներողություն խնդրեմ, դուրս գամ: Մարդիկ ոչ մի բան չկարողացան հիմնավորեն»,- ասաց ընկերության աշխատակիցը, ում խոսքով` դրանից հետո իրենից պահանջել են հանձնել պահակակետ մուտք գործելու համար նախատեսված քարտը: Սակայն աշխատակիցը հրաժարվել է հանձնել քարտը` նշելով, որ ինքը շարունակելու է աշխատել և այն չի հանձնելու: «Ես ասացի` օրինական ձևով գալու եմ աշխատանքի, եթե գտնում են, որ ազատվել եմ աշխատանքից, թող արգելափակեն քարտս: Երբ իրիկունը եկա, որ մտնեմ, տեսա, որ քարտն արգելափակվել ա: Էդ օրը կոլեկտիվը կանգնեց-ասաց, որ չի մտնելու աշխատանքի: Դա տևել է մի ժամ-ժամուկես: Ես ինքս խնդրեցի ժողովրդին, որ անօրինական որևէ գործողություն չանեն, մտնեն աշխատանքի, և ես իմ հարցերն ինքս կլուծեմ իրենց հետ»,- նշեց Ա. Խուրշուդյանը, ում ասելով` նույն վիճակը շարունակվեց հաջորդ օրն առավոտյան, և ընկերության աշխատակիցները պահանջեցին ղեկավարությունից բացատրություն ներկայացնել: «Ընկերության վարչական գծով տնօրենը (խոսքն ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանի մասին է.- Մ.Մ.) եկավ, ներկայացավ ժողովրդին: Իմ բերանն էլ ուզում էր փակել, որ չխոսեմ, ու իր ձևերով բացատրում էր, որ աշխատանքից կհեռացնի, սենց կանի, նենց կանի… Ես էլ խոսեցի, ասացի՝ դու բացատրություն ես տալու, ինքն՝ առանց ամաչելու, ներող կլինեք, պուբլիչնի, ամբողջ ժողովրդի մոտ` ասաց` «սիքտիր եղիր՝ դու էլ, դատարանն էլ, ես բացատրելու բան չունեմ, գնա, տենանք` ո՞վ ա ուժեղը»,- պատմում էր Ա. Խուրշուդյանը: Աշխատակցի խոսքով` ինքը երեք տարի աշխատել է ընկերությունում և որևէ նկատողություն չի ստացել: Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է ընկերության ղեկավար կազմը նման վերաբերմունք դրսևորել իր նկատմամբ, արդյո՞ք որևէ միջադեպ չի եղել այդ տարիներին, Ա. Խուրշուդյանը պատասխանեց. «Դա սկսեց այն բանից հետո, երբ մեր աշխատողների աշխատավարձերը կտրեցին, ու մեր սմենի պետը գնաց շատ բարդ վիրահատության, մոտեցավ իրենց անձնակազմին, բայց ոչ մեկը ձեռք չմեկնեց, որ իրան երկու կոպեկ փող տա: Ու ես սկսեցի խոսել, ժողովուրդն, ինչպես միշտ, սուս էր մնացել, խոսողը ես էի, ինձ կանչեցին, ասեցին` դու լիդեր ես, եսիմ ինչեր ես կազմակերպում, դու հեռացված ես աշխատանքից»: Հարցին, թե իրեն աշխատանքից հեռացրել են իր ակտիվությա՞ն պատճառով, նա պատասխանեց. «Այո՛, դա առաջին դեպքը չէր, էլի են եղել դեպքեր, բայց երևի էն ժամանակ մտածել են, որ պետք չի հանել գործից: Դաժե երբ ես գնացի ներկայացա իրենց, ասացին` եթե խոսում ես, քո տեղը խոսա, ուրիշների տեղն իրավունք չունես խոսել»: Մեր դիտարկմանը, թե ընկերության պատասխանատուներն իր անունը կապում են ընկերությունում կատարված գողության հետ, պատասխանեց. «Եթե ես գողության մեջ իրենց կողմից կասկածվում եմ, դրա համար կա հատուկ օրգան, որտեղ իրենք կարող են ներկայացնել: Ես որ խոսեցի, դառա գող-ավազա՞կ: Ես վաբշե իսկի կուրսի չեմ դրանից, ես եմ ուզում իմանամ, թե ի՞նչ գողություն ա դա»,- ասաց Ա. Խուրշուդյանը: Վերջինս հայցով դիմել է վարչական դատարան` աշխատանքի վերականգնման և փոխհատուցման պահանջով: «Ես չգիտեմ, թե ինչպե՞ս պիտի հիմնավորեն իրենց արարքը, որ ինձ ազատեցին աշխատանքից: Ինչի՞ համար են ինձ գործից հեռացրել, ինչի՞ համար են նման արտահայտություն արել ժողովրդի դիմաց: Ես դրա ձայնագրությունն ունեմ,- նշեց Ա. Խուրշուդյանը` ավելացնելով,- Ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի արդարությունը վերականգնվի»:
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 15-ին Ա. Խուրշուդյանին աշխատանքից ազատելու առնչությամբ մենք զրուցել էինք ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գայանե Թադևոսյանի հետ: Հարցին, թե ինչո՞ւ ազատեցին Արմեն Խուրշուդյանին, Գ. Թադևոսյանը պատասխանել էր. «Նախ` ես չեմ կարող ասել, որ այդպես է եղել, համենայնդեպս, ընկերությունն ունի որոշակի արժեքներ, ու մենք բոլորս աշխատելով` ապրում ենք այդ արժեքներով, հետևաբար` եթե ինչ-որ բան խոչընդոտվել է կամ խանգարվել է մեր գործունեության ընթացքը, եթե ինքը խրախուսել կամ աջակցել է, որ մենք նման ձևով, ենթադրենք, աշխատաժամանակի կորուստ ունենանք, չաշխատենք, և նաև կան այլ պատճառներ»: Իսկ հարցին, թե ո՞րն է այդ որոշման հիմքը, Գ. Թադևոսյանը պատասխանել էր. «Ճիշտն ասած, ես չգիտեմ որոշման հիմքը, բայց, համենայնդեպս, ես արդեն ասացի, երևի աջակից լինելու ընկերության գործունեությունը ծավալելու, և, միևնույն ժամանակ, հավանաբար, նա չի համապատասխանում մեր հիմնարկի արժեքներին»: