Բաժիններ՝

Ահմեթ Դավութօղլուն մարտի 27-ին կժամանի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ մարտի 28-ին Բաթումում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան:

Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակող հանդիպումն անցկացվել է 2012 թվականի հունիսի 8-ին, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: Այն ժամանակ կողմերը ստորագրել են «Տրապիզոնի հռչակագիրը»:

Այդ փաստաթուղթն արտացոլում է երեք երկրների համագործակցության կարևորագույն ուղղությունները, ինչը մասնավորապես առնչվում է տնտեսությանը, էներգետիկային, ենթակառույցներին, տրանսպորտին, մշակույթին ու հումանիտար ոլորտին:

Բաթումում երեք երկրների արտգործնախարարներն ընդունելու են 2013-2015 թվականների միջգերատեսչական համագործակցության պլանը: Վերջինս առնչվում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրի պահպանումը, մշակույթը, կրթությունը, սպորտը և երիտասարդությունը:

Ջալագանիայի խոսքերով՝ բաթումյան հանդիպմանը մասնակցելու համար մարտի 27-ին Վրաստան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Վերջինս հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև իր վրացի գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են ոչ միայն երկկողմանի համագործակցության հարցը, այլև՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին Թուրքիայի աջակցության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս