Վարդան Մինասյան. Մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստներն արդեն հայտնի են
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստներն արդեն հայտնի են, միայն մեկ դիրքում կասկածներ կան: Արազ Օզբիլիսը 10 օր չի մարզվել և դեռ կասկածներ կան: Միանշանակ ռիսկի չենք գնա, եթե նրա առողջությանը վտանգ սպառնա»,- հայտարարեց Վարդան Մինասյանը` նշելով, որ այդուհանդերձ, Օզբիլիսի` խաղին մասնակցելու հավանականությունը շատ մեծ է: «Եթե Օզբիլիսը չխաղա, նրա փոխարեն խաղադաշտ կմտնի Էդգար Մանուչարյանը»:
Անդրադառնալով երիտասարդական հավաքականի հետ ընկերական հանդիպմանը՝ Մինասյանը նշեց, որ թեև գոհ չէր թիմի խաղից, բայց անհրաժեշտ փորձարկումները կատարված են: «Ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ կար, որ ընկերական խաղ էր և երիտասարդականի հետ էին խաղում»:
Մինասյանը Հայաստան-Չեխիա խաղում ֆավորիտներ չի տեսնում. «Երկու թիմի մոտ էլ մոտիվացիան շատ բարձր է լինելու. դա գալիս է նաև մրցաշարային աղյուսակում թիմերի դիրքերից: Ֆավորիտ չկա թիմերի հնարավորությունները 50-50 են»:
Վարդան Մինասյանը խոսեց նաև մրցակցի` Չեխիայի հավաքականի մասին. «Ցանկացած թմ ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Հիմա չեմ նշի չեխերի թերություններն ու առավելությունները, խաղից հետո հաստատ կասեմ»,- ասաց մարզիչն ու հավելեց, որ խաղի ընթացքը կախված է հաշվից: «Չեխիան շատ ուժեղ թիմ է, ես տեսել եմ բազմաթիվ հանդիպումներ: Նրանք շատ լավ են պատրաստված ֆիզիկապես: Զարմացած եմ Դանիայի հետ հանդիպման խաղի արդյունքից. հավասար խաղ էր, բայց Դանիան կարողացավ 3 գոլ խփել ու հաղթել:
Վերջում Հայաստանի հավաքականի մարզիչը նշեց, որ պաշտպանությունում Արզումանյանի հետ կխաղան Հարոյանը, Ոսկանյանն ու Խաչատուրովը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը