Վերահսկիչ պալատը շինարարության ու գնումների ոլորտներում ուռճացված նախահաշիվներ ու շուկայական գնից բարձր թվեր է հայտնաբերել
Վերահսկիչ պալատն առաջին անգամ օպերատիվ վերահսկողություն է սահմանել պետական բյուջեի կատարողականի նկատմամբ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է կատարվող ամենօրյա աշխատանքի ընթացքն ու հետագա անելիքները: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն ամբողջությամբ:
– Գաղտնիք չէ, որ ՎՊ-ի ուսումնասիրություններն առանձնակի ուշադրության են արժանանում, և դա ունի իր բացատրությունը` ՀՀ քաղաքացուն հետաքրքրում է, թե ինչպես են ծախսվում պետական բյուջեի միջոցները, այս կամ այն ոլորտին հատկացվող գումարները:
– Պրն Զաքարյան, տևական ժամանակ է, Դուք լռում եք:
– Վերահսկիչ պալատը այս տարվա ծրագրով առաջին անգամ օպերատիվ վերահսկողություն է կիրառել, ներգրավված են գրեթե բոլոր վարչությունների աշխատակիցները, և մենք ամենօրյա լարված աշխատանքի մեջ ենք: Եթե նախկինում ստուգում էինք նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմա ամեն օր ստանում ենք ինֆորմացիա, վերլուծում և խորհրդի նիստում հաստատելուց հետո կհրապարակենք:
– Հիմա Դուք ստուգման փուլո ՞ւմ եք, թե ՞ ուսումնասիրություն եք կատարում:
– Վերահսկողության:
– Ի ՞նչ է դա ենթադրում, եթե ես տնտեսվարող եմ, ես կարո ՞ղ եմ իմանալ որ դուք ինձ վերահսկում եք, թե չէ:
– Այս տարվա ծրագիրը մենք հաստատել ենք նախորդ տարվա նոյեմբերին և հայտարարել ենք, որ Վերահսկիչ պալատը անցնում է վերահսկողության նոր ձևի` օպերատիվ վերահսկողության: Այս խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ առաջին երեք չորս տարիներին մենք ուսումնասիրել, վերահսկել ենք պետական բյուջեի ծախսային մասն իրականացնող բոլոր կառույցները` և’ համայնքները, և’ մարզպետարանները, և’ նախարարությունները և այլն: Արդեն ակնհայտ են պետական բյուջեի թիրախային ուղղությունները: Դրանք առանձնացվեցին երեք հիմնական ոլորտների` սոցիալական, շինարարություն և պետական գնումների ոլորտներ:
Ինչո ՞ւ օպերատիվ վերահսկողություն և ոչ թե սովորական վերահսկողություն, որ նախորդ տարիներին մենք անում էինք: Սա շատ պարզ է: Նախորդ տարիներին մենք բացահայտել ենք, թե, որ ոլորտում ինչ կա թաքնված, ինչեր է կատարվում, որ ոլորտում կոռուպցիոն ռիսկերն ինչքան են: Այս փուլը կատարվել է շատ հստակ և տեղյակ է պահվել հասարակությունը: Հիմա, երբ արդեն ամեն ինչ պարզ է, առաջին անգամ մենք կիրառում ենք օպերատիվ վերահսկողություն, ինչը նաև հանրապետության նախագահի առաջարկությունն է եղել ՎՊ-ին դեռևս անցած տարի օգոստոսին: Մենք մեր ծրագիրը հաստատել ենք այդ բովանդակությամբ և հունվարի մեկից անցել ենք աշխատանքի այդ ձևին:
– Վերահսկողություն տնտեսության բոլո ՞ր ոլորտներում:
– Վերահսկողություն տնտեսության բոլոր այն ոլորտներում, որոնք պատական բյուջեի միջոցներն են օգտոգործում:
– Պրն Զաքարյան, այդ վերահսկողությունը հստակ ժամկետ չունի ՞:
– Իհարկե ունի, վերահսկողությունը կարող է շարունակվել ամբողջ տարվա ընթացքում, բայց ստուգումն օրենքով սահմանված է, քսանչորս օր և ևս տասներկու օր կարող ենք ավելացնել, բայց վերահսկողութուն դեռ չի նշանակում, որ մենք ամենուր կարող ենք ստուգում բացել:
Ըստ հավաքած ինֆորմացիայի համապատասխան վարչությունների վերլուծությունների հիման վրա գնահատվում են ռիսկերը, որից հետո նոր բացվում է ստուգում: Ասեմ, որ 2013 թվականի ծրագրի առաջին արդյունքները մենք կհրապարակենք հունիսի կեսերին, երկրորդ հաղորդումը ՎՊ նախագահի կողմից, կարծում եմ, կլինի սեպտեմբերին, երրորդը կլինի դեկտեմբերին, իսկ չորրորդ` ամփոփիչը կլինի 2014 թվականի մարտին, քանի որ ՎՊ տարին ըստ օրենքի ամփոփվում է մինչև ապրիլի մեկը:
– Պրն Զաքարյան ես վստահ եմ, որ դուք այս պահին թվեր կամ վիճակագրություն չեք կարող ներկայացնել, կամ կարող եք, տեղը չի, բայց օպերատիվ վերահսկողություն իրականացնելը ինչ-որ բան տվե ՞լ է:
– Այո, այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ բազմաթիվ ծրագրեր մինչև դեռևս ստուգում սկսելը մեր կողմից որակավորվում են, եթե շինարարական ոլորտ է` ուռճացված նախահաշիվներ, եթե գնումների ոլորտ է` շուկայական գները գերազանցող թվեր: Արդեն կան այդպիսի դեպքեր: Մենք հենց տեղում առաջարկում ենք դրանք փոքրացնել, կրճատել և ի շահ պետական բյուջեի տնտեսել:
– Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը մի թիվ հրապարակեց` 35 – 40մլրդ դրամ կարող է տնտեսվել գնումների ոլորտում արդյունավետ կառավարման դեպքում: Թիվն իհարկե մեծ է, ես կառաջարկեի Ձեր օգնությամբ պատկերացնել, թե որտեղ է թաքնված այդ գումարը, որ պետք է տնտեսել:
– Եթե դուք հիշում եք նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ Նախագահը շատ հստակ ասաց հետևյալը, մեջբերում եմ. «Ինչպե ՞ս է պատահում, որ պետական գնումներով ձեռք բերված ապրանքների գները մի քանի անգամ բարձր են, քան շուկայում եղած գները և ինչպե ՞ս է պատահում, որ շինարարության ոլորտում պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը երեքից չորս անգամ ավելի թանկ է նստում պետության վրա»: Այստեղ իրոք կա լուրջ խնդիր: Ես քիչ առաջ նշեցի, որ մենք տարիներ շարունակ լուրջ ուսումնասիրել ենք տնտեսությունը, պետական բյուջեի ծախսային մասը և այլն: Հայտնաբերել ենք թիրախները, դրանք եղել են երեք ուղղությունով` սոցիալական, շինարարություն և գնումների ոլորտներում: Առաջինը ընտրվել է սոցիալական ոլորտը:
Բոլորը գիտեն և տեսան, թե այդ ոլորտում ինչ կատարվեց, ես հատկապես թոշակները ի նկատի ունեմ և այսօր մենք վստահ կարող ենք ասել, որ պետական բյուջեի ծախսային մասի երեսուն տոկոսը, դա մոտ երեք հարյուր մլրդ է, անխոցել է: Սա մեկ- երկու օրվա խնդիր չէ և ոչ էլ այս խնդիրները կուտակվել էին մեկ-երկու կամ չորս կամ հինգ տարի առաջ: Դրանք անընդհատ կուտակված խնդիրներ էին, և եթե այս իշխանությունը կարողանում է ասել, բարձրաձայնել, բարձրացնել խնդիրները և հետո լուծել, մեծ առավելություն է: Հիմա մենք անցնում ենք երկրորդ և երրորդ խնդիրներին` շինարարություն և գնումներ: ՀՀ Նախագահը շատ հստակ ասել է թվերը, որովհետև նա պարբերաբար տեղեկացվում է ՎՊ նախագահի նաև այլ օղակների կողմից գործող մեխանիզմների և կոռուպցիոն ռիսկերի մասին: Խնդիրը` իրական շուկայական գներին մոտեցնել ողջ համակարգը, որն այսօր աշխատում է, իրատեսական է և կարծում եմ, որ տարեվերջին ՀՀ Նախագահի կողմից հնչեցրած թվերը հստակ կատարվելու են:
– Այսքանից հետո դարձյալ իրենց թո ՞ւյլ են տալիս նման բաներ:
– Ցավոք սրտի, այո: Մենք խոսել ենք բազմաթիվ խնդիրների մասին նախորդ տարիներին, շատ աղաղակող բացահայտումներ ենք արել, շատ պարզ հասարակությանը տեղյակ ենք պահել տնտեսության մեջ եղած բոլոր արատավոր երևույթների մասին: Համարձակ մտել ենք նաև այս դաշտ և համարձակ շտկելու ենք նաև այս դաշտը: Այստեղ ևս առկա են ստվերային գումարներ, «ատկատներ» կոչված երևույթը, ինչը մենք կտրականապես մերժում ենք: Վերահսկիչ պալատը գնալու է մինչև վերջ: Կան միջնորդավորված գնումներ, կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես ոչ արտադրող են, ոչ ներկրող, բայց չգիտես ինչու և ինչպես այդ մրցույթներում հաղթում են: Այսինքն` եթե մենք գնենք անմիջապես ներկրողից 10 -15 տոկոս կշահենք: Այդ դեպքում ինչո՞ւ միջնորդից պետք է գնենք: Եթե նայենք փաստաթղթերը կտեսնենք, որ ապրանքը երբ մտնում է մեր երկիր սահման այլ գին ունի, պետական գնումներով սակայն գնված է երկու, երեք հարյուր տոկոս գերազանցող գներով:
– Դա չի ազդելու որակի վրա հատկապես շինարարության ոլորտում:
– Կարծում եմ` ոչ, որովհետև դրա համար կան տեխնիկական բնութագրեր, կան այլ մեխանիզմներ: Օրինակ, մի ուսումնասիրության ժամանակ տեսանք, որ լողասենյակի պարագաները նշված չեն` որ երկրի և ինչ ֆիրմայի արտադրության են, մենք գիտենք, որ շուկայում դրանք վաճառվում են սկսած տասը հազար դրամից մինչև, օրինակ, մեկ մլն դրամով: Կարող են գնել ցածր գնով և պետական բյուջեից բավականաչափ մեծ թվեր տանել: Դրա համար կան տեխնիկական բնութագրեր: Վերջերս բյուջեով կատարված աշխատանքների վերաբերյալ մի գերատեսչության ղեկավարի հարցնում եմ, օրինակ ինչպես է պատահում,որ սովարական բազալտե երեսապատման սալիկները մասնավոր շինարարության դեպքում շարվում է յոթ – ութ հազար դրամով, իսկ պետական գնումներով կատարված շինարարության դեպքում` քսան հազար դրամով:
– ՎՊ-ի այս քայլերը պետք է ենթադրեն, որ այն մարդիկ որոնք կարողացել են ժամանակին նման չարաշահումներ թույլ տալ, հիմա պետք է զուսպ լինեն, այլ կերպ ասած` կոռուպցիայի և կաշառակերության իրական տոկոսների նվազեցում պետք է տեղի ունեցած լինի: Դուք տիրապետո՞ւմ եք այդպիսի թվերի:
– Նախ տարանջատենք կոռուպցիան և կաշառակերությունը, ես կարծում եմ ցանկացած պետության համար շատ ավելի մեծ չարիք է կոռուպցիան, քան կաշառակերությունը: Եթե կաշառակերությունն այս կամ այն պաշտոնյայի, այս կամ այն հարցը լուծելու համար ինչ-որ նյութական միջոց ստանալու համար արվող գործողություն է, ապա կոռուպցիան շատ ավելի լուրջ, շատ ավելի վտանգավոր և շատ ավելի ծանր հետևանք կարող է ունենալ տնտեսության մեջ: Անցած տարվա օգոստոսից, երբ ՀՀ Նախագահի կողմից առաջարկը եղավ, ես 17 հանդիպում եմ ունեցել նոյեմբերից մինչև հունվար բոլոր այն կառույցների հետ, որոնք պատական բյուջեից ծախսում են մեծ գումարներ` նախարարություններ, շինարարական կազմակերպություններ, նախագծողներ, տեխնիկական հսկողներ և այլն: Բոլորին մեկ առ մեկ բացատրել ենք խնդրի էությունը և ասել ենք հետևյալը, որ ՎՊ-ում գիտենք, թե ինչ է կատարվում համակարգում, այսօր կան կառույցներ, անուններ չենք կարող տալ, որոնք իսկապես շտկվում են և անմիջապես այդ գումարը, որ պետք է ուռճացված գնար նախահաշիվների մեջ, տնտեսվում է:
Դրանից հետո թող կառավարությունը որոշի, թե ինչպես վարվի այդ տնտեսված գումարների հետ: Մրցույթները հաճախ ունենում են կանխորոշված ելք և լինում են ոչ օբյեկտիվ: Օրինակ շինարարական մի կառույց մրցույթի էր դրվել 1 մլրդ արժողությամբ և ինչ-որ կազմակերպություն այն շահել էր 560 մլն դրամով և անմիջապես ուրախացել էին, թե տեսեք այսքան տնտեսում ենք արել:
Բայց, երբ Վերահսկիչ պալատը այդ ծրագրը ստուգում է, տեսնում է, որ560 մլն էլ չի, 430 մլն է դրա իրական գինը: Երբ ես հանդիպել եմ նախագծողի, շինարարի, տեխհսկողի հետ, ես ընդամենը մի բան եմ ասել` բոլորդ աշխատեք գլուխներդ հանգիստ դնել բարձին և քնել գիշերը, որովհետև այսօր եթե որևէ մեկը ձեզ ստիպում է, պարտադրում է ուռճացնել գները, վաղը դուք եք պատասխան տալու: Որովհետև ես կարծում եմ, որ ի վերջո մենք հասնելու ենք նրան, որ ամեն մեկի պատասխանատվության չափն օրենքով ամրագրվի և ամեն մեկն ինքը պատասխան տա իր արածի համար:
– Պարոն Զաքարյան, եթե դուք մի օղակում բացահայտում եք չարաշահում դա միայն ա՞յդ օղակի գործն է, թե՞ փոխկապակցված են մի քանի օղակներ:
– Շղթան կա, բայց մեկ նախադասությամբ դժվար է նկարագրել: Առաջինը` ես ուզում եմ խոսել գործող նորմատիվ ակտերի, օրենքների և որոշումների մասին: Եթե մենք այսօր ունենք, օրինակ, հրաման, որտեղ հստակ գրված է` տրանսպորտային ծախսեր տասը տոկոս, որ պետք է ավելանա, մենք հարյուրավոր օրինակներ գիտենք, երբ դպրոցներում պատուհաններ, դռներ են տեղադրում, կազմակերպությունը ինքն է բերում տեղ հասցնում, այսինքն` առաքումը մտնում է գնի մեջ, այս դեպքում ի՞նչ տրանսպորտային ծախսի մասին է խոսքը: Սա Ձեր ասած մի օղակը, դրանք շատ են, մենք պետք է դրանք տարանջատենք:
– Ես հասկացա, որ գլխավոր թիրախը շարունակում է մնալ գնումների համակարգը:
– Այո:
– Դուք առնչվո՞ւմ եք դրսի գումարների հետ, միջազգային կառույցների հատկացրած գումարները ստուգվո՞ւմ են:
– Եթե վարկային միջոցներ են դրանք, ապա միանշանակ բյուջետային միջոցներ են և մենք պարտադիր ստուգում ենք օրենքով սահմանված լիազորություններով:
– Դուք բոլորին ստուգում եք, Ձեզ որևէ մեկը ստուգո՞ւմ է:
-ՎՊ- ները իրենք անկախ մարմիններ են ընդհանրապես և ՎՊ-ների ներկայացրած հաշվետվությունների դատավորը դատարանն է: Կարող են սյուբեկտները չհամաձայնել մեր եզրակացության հետ և դիմել դատարան: Արդեն վեցերորդ տարին է մեր բոլոր արձանագրությունները դրված են մեր պաշտոնական կայքում և բոլորին հասանել են: Ցանկացած ոք, ցանկացած մասնագետ կարող է բացել ու նայել: Ես` որպես ստուգող անկախ մարմնի ղեկավար, ցանկացած ակտ նայելիս կարող եմ ասել` որտեղ կա թերություն, որտեղ են աչքերը փակել: