Գաղջ մթնոլորտ` Երևանի անցումներում. գրավաճառներն արտաքսվում են (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող` Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի ստորգետնյա անցման տարածքում գրքի վաճառքի արգելման և գրավաճառների արտաքսման մասին լայնորեն լուսաբանվել է մամուլում: Հիշեցնենք, որ գետնանցումի սեփականատիրոջ նախաձեռնությամբ որոշվել է բարեկարգել տարածքը և քանդել գրավաճառների կրպակներն ու վաճառակետերը: Խնդրի մասին բարձրաձայնել են նաև հասարակական կազմակերություններն ու ուսանողական ակտիվիստները:

Նշենք, որ Երևանում գրքի նմանատիպ վաճառակետերն աչքի են ընկնում ավելի մատչելի գներով, ի տարբերություն գրախանութների, և ավելի հասանելի են ընթերցողին:

Այս կապակցությամբ` 168.am-ը փորձեց հետաքրքրվել արտաքսվող գրավաճառներից, թե արդյոք նրանց տարածք հատկացվելո՞ւ է` այլ վայրում գրքի վաճառքով զբաղվելու համար: Ի պատասխան նրանք ասացին, որ որևէ տարածք չի հատկացվելու, «ամեն մեկն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի»:

Իսկ ինչպե՞ս պետք է լինի Ձեր ճակատագիրը: Մեր այս հարցին առավել արտահայտիչ պատասխան տվեց գրավաճառներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ նշել իր անունը:

Կարդացեք նաև

«Ճակատագիրը ո՞րն ա, ամեն մեկը մի հատ պարան պետք ա գտնի ու կախվի էլի»,- նշեց, ժամանակակից քաղաքական լեզվով ասած, «աշխարհի վրա դառնացած» գրավաճառը:

Gravajarner (3)

Gravajarner (2)

Իսկ երբ մենք հորդորեցինք հարցի լուծման համար դիմել համայնքի կամ Երևանի ղեկավարությանը, ստացանք առավել քան հաճախ հանդիպող հուսահատական պատասխան:

Գրավաճառը կարծիք հայտնեց, որ «իշխանությունները ընտրություններն են կեղծում, ինչպես ուզում են»` տարակուսանք հայտնելով, թե ինչպե՞ս կարելի է նրանց որևէ բան պարտադրել:

Թե ինչպե՞ս կդասավորվի երևանյան ստորգետնյա գրավաճառների ճակատագիրը, առայժմ անորոշ է: Արդյոք նրանք կարժանանա՞ն ժամանակին «գերակա շահի» զոհ դարձած և իրենց բնակարաններից արտաքսված բնակիչների, կրպակատերերի և այլ երևանցիների շարքին, հայտնի չէ:

Gravajarner (1)

Թերևս մնում է հիշեցնել մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ակտիվորեն պատրաստվող քաղաքական ուժերին, առաջին հերթին օրնիբուն «Տարոնի գովքը» երգող հանրապետականներին, ինչպես նաև իշխանությանը հակակշիռ ստեղծելու ձգտող այլընտրանքայիններին և ընդդիմադիրներին, որ Երևան քաղաքի ղեկավարի պաշտոնն առաջին հերթին ենթադրում է ոչ թե քաղաքի արտաքին զարդարում` արհեստական ֆլամինգոների և թիթեռների տեսքով կամ քաղաքի պատմամշակութային ժառանգության մասին մտահոգություն` միայն քաղաքական ամենաթեժ ժամանակաշրջաններում, այլ առաջին հերթին մտահոգություն երևանցու և նրա ճակատագրի մասին: Չէ՞ որ որևէ մեկը չի ուզում ապրել «գաղջ մթնոլորտում»:

Տեսանյութեր

Լրահոս