«Պետք է քաղաքական օրակարգ ձևավորվի»

Այս ընտրություններն օբյեկտիվորեն նախորդների առումով տարբերվում են նախ՝ այն պատճառով, որ 2008 թվականին սոցիալական մեդիան, սոցիալական ցանցերն այդքան մեծ դերակատարում չունեին քաղաքական գործընթացներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Հաշվի առնելով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների բնավորությունների տարբերությունը, այս անգամ ԶԼՄ-ն ավելի ազատ էր, քան նախորդ ընտրությունների ժամանակ, չի տարվել հակաքարոզչություն ընդդիմության դեմ և հիմա էլ չի տարվում: 2008-ին տարբեր հեռուստաընկերություններով անանուն ֆիլմեր էին ցուցադրվում այն մասին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մասոն է, իբրև չի երդվել Աստվածաշնչի վրա, ֆիլմեր, որոնց հեղինակը պարզ չէր: Նման հիմարություններ էին արվում այն ժամանակ: Հիմա պաշտոնական հակաքարոզչություն, որպես այդպիսին, չկա, «Հայլուրը» նույնպես նման հակաքարոզչություն չի տանում: Դա, անշուշտ, դրական երևույթ է»,- ասաց նա:

Քաղաքական ներկա իրավիճակում, ըստ Արամ Աբրահամյանի, կարևոր է, որ ընդդիմության առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն, ու նրա թիմը ձևավորեն քաղաքական օրակարգ: «Ասել, որ եթե դու երդվես՝ ես կմահանամ, քաղաքական օրակարգ չէ. դա լավագույն դեպքում՝ բարոյական ճնշում է, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես երեխայական բան է: Ճիշտ այնպես, երբ երեխաներին նկատողություն ես անում, ասում են, որ՝ ա՛յ, հիմա ես մեռնեմ՝ մաման կհասկանա, թե որքան լավն եմ ես: Քաղաքական պրոցեսը տանել մոտավորապես այդ տրամաբանությամբ՝ հնարավոր չէ»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ այն մարդիկ, ովքեր գալիս են հրապարակ, ճիշտ թե սխալ, բայց քաղաքական թեմաներ են բերում օրակարգ: «Կարապետ Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սէֆիլյանը մարդիկ են, ովքեր քաղաքական մտածելակերպ ունեն: Նրանք գուցե կարողանան ելքեր գտնել այս կամ այն ձևով: Քանի որ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն ցանկանում գնալ սուր բախումների, ելքն ի վերջո կլինի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս