Հայտնաբերվել է Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի 22-ամյա որդու դին՝ հրազենային վնասվածքով

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 16-ից Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ոստիկանության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության, ինչպես նաև Գավառի հրշեջ-փրկարական ջոկատի և Սևանի հատուկ ջրասուզակների և Նորատուս գյուղի բնակիչների որոնողական աշխատանքները շարունակվում էին Նորատուս գյուղի բնակիչ, Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 22-ամյա Կարեն Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերվել է երիտասարդի դին՝ ծնոտի մասում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը, որը տանից դուրս գալիս երիտասարդը վերցրել էր իր հետ:

Հիշեցնենք, որ մարտի 17-ի երեկոյան, ժամանակավորապես դադարեցվեցին Կ. Կարապետյանի որոնողական աշխատանքները։

Գյուղացիները փրկարարների և Գավառի ոստիկանների հետ 2 անգամ հայտնաբերել էին որոնվող տղային, ով որսորդական հրացանով էր, սակայն 2 անգամ էլ 22-ամյա տղան դիմել էր փախուստի։ Գյուղում բոլորն անակնկալի էին եկել, թե ինչո՞ւ է երիտասարդն իրեն տարօրինակ պահում։

Մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 22-ամյա Կարեն Կարապետյանը, որսորդական հրացանով դուրս էր եկել տանից և, ըստ տեղեկությունների, գնացել էր նշված տարածք: Երբ հարազատները տեղեկություն չէին ունեցել նրա մասին, սկսել էին փրկարարների, ոստիկանների և ողջ գյուղի բնակիչների հետ որոնողական աշխատանքները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի տղան է և Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան է:

Տեսանյութեր

Լրահոս