Ինչո՞ւ Կապանում չկառուցվեց երիտասարդների համար նախատեսված շենքը
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մեջբերեց կառավարության ծրագրերից մեկը, ըստ որի՝ դեռևս 2013թ. հոկտեմբերին պետք է Կապանում տեղի ունենար երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքի հիմնարկեքի արարողությունը, ինչը տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ խոսքը «Սոցիալական բնակարաններ» ծրագրի մասին է, որը մեկնարկել է դեռևս 2009թ.: «Հիմքերը փորել են, մի քանի ամիս աշխատել են ու այդպես թողել: Բոլորովին վերջերս շինտեխնիկայի մնացորդները հավաքել-տարել են, մարդիկ հերթագրվել են, Քաջարանի կոմբինատը խոստացել է նրանց վճարելիք գումարի հինգ տոկոսը տրամադրել»,- ասաց Ա. Վարդանյանն՝ ընդգծելով, որ կա նախագահի խոստումն ու հանձնարարականը:
Հարցին պատասխանեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռուստամյանը:
«Տվյալ պահին կուսումնասիրենք և շատ շտապ Ձեզ կպատասխանենք գրավոր ձևով»,- ասաց Հ. Ռոստամյանը:
«Շնորհակալ եմ, շատ խելացի, կշռադատված պատասխան էր, բայց ես կարծում եմ, այս կարգի կարևորագույն հարցերի վերաբերյալ կառավարությունը պիտի շատ ավելի իրազեկված լինել»,- արձագանքեց Ա. Վարդանյանը: