Բաժիններ՝

Հայաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցիացման մասին համաձայնագիրը կստորագրվի 2014 թվականի առաջին կեսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հուսով է Հայաստանի հետ Ասոցիացման մասին համաձայնագիրը ստորագրել 2014 թվականի առաջին կեսին: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով արտաքին քաղաքականության ծառայության դեպարտամենտի ղեկավար Գունար Վիգանդը.

«Մենք հուսով ենք Հայաստանի հետ մինչև ընթացիկ տարեվերջ նախաստորագրել Ասոցիացման մասին համաձայնագիրը և այն ստորագրել արդեն 2014 թվականի առաջին կեսին: Դրանից հետո կսկսվի համաձայնագրի մի շարք կետերի և մասնավորապես տնտեսական բովանդակությամբ կետերի պայմանական իրագործումը:

Բանակցությունները գործնականում ավարտված են, քանի որ փակված են քաղաքական բոլոր հարցերը: Ստորագրված համաձայնագիրը կբարելավի Հայաստանի բիզնես միջավայրը, իսկ ձեռնարկատիրության համար պայմաններն առավելագույն կերպ կմոտեցվեն եվրոպական չափորոշիչներին»:

Ասոցիացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները ԵՄ-ի ու Հայաստանի միջև մեկնարկել են 2010 թվականի հուլիսի 19-ին, Երևանում: Այդ համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս