ԱՄՆ-ն ու Ճապոնիան պատրաստում են Չինաստանի հնարավոր հարձակումը հետ մղելու պլան
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Ճապոնիայի պաշտպանության նախարարները որոշել են կազմել Տոկիոյի վերահսկողության տակ գտնվող Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների նկատմամբ Չինաստանի հնարավոր հարձակումը հետ մղելու հարցում համատեղ գործողությունների պլան:
Չինաստանը շարունակում է վիճարկել Արևելա-չինական ծովում գտնվող այդ կղզիների պատկանելությունը: Ծրագրով մասնավորապես նախատեսվում է ձեռնարկել օպերացիա, եթե այնտեղ ափհանվի չինական դեսանտ: Առաջարկվում է նաև հստակեցնել այն կոնկրետ նավահանգիստները, օբյեկտները, բժշկական ու տրանսպորտային հիմնարկները, պահեստները և այլն, որոնք ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից կօգտագործվեն Սենկակուի վերաբերյալ հակամարտության դեպքում:
Համատեղ գործողությունների այդպիսի պլանի կազմումը կոչված է զսպիչ գործոնի դեր խաղալ Պեկինի նկատմամբ: