Մեդվեդևը կարգադրել է ստորագրել Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել է ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված պայմանագիրը:
Մեդվեդևը հավանության է արժանացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացրած և ԱԳՆ-ի հետ համաձայնեցված տվյալ պայմանագրի նախագիծը, ինչը նախնականորեն մշակվել է հայկական կողմի հետ:
Փաստաթղթում նշված է. «Հանձնարարել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը բանակցություններ վարել հայկական կողմի հետ՝ գործադիր իշխանության դաշնային շահագրգիռ մարմինների մասնակցությամբ և պայմանավորվելու դեպքում Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրել նշված Պայմանագիրը՝ թույլ տալով առաջարկվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ»:
Այս տարվա փետրվարին երկու երկրների միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: