
Սիրիական ավիացիան հարվածել է Լիբանանին

The Daily Star-ի փոխանցմամբ՝ սիրիական մարտական ինքնաթիռները քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ հթիռային-ռմբային հարվածներ է հասցրել հարևան Լիբանանում գտնվող թիրախներին:
Ռմբակոծության են ենթարկվել Սիրիայի հետ սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա ընկած գյուղերը: Զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, սակայն մի շարք շինությունների հասցվել է նյութական վնաս: Սիրիական ավիացիայի հասցրած հարվածի վայրով են անցնում սիրիացի ապստամբներին զենք ու զինամթերք տեղափոխելու ուղիները:
2012 թվականի սեպտեմբերին էլ Սիրիայի կառավարական ուժերը հրետանային հարված էին հասցրել Լիբանանում գտնվող թիրախներին, ինչը հարուցել էր պաշտոնական Բեյրութի վրդովմունքը: Նախկինում նման հարվածների համար չէր օգտագործվել ավիացիա:
Մարտի սկզբին Դամասկոսը նամակ էր հղել Լիբանանի իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել զենքի ու ահաբեկիչների ուղարկումը Սիրիային: Նամակում ընդգծվում էր, որ սիրիական իշխանությունները դեռ չեն հարձակվում Լիբանանի տարածքում զինյալների կենտրոնացման վրա, սակայն այդպիսի իրավիճակը չի կարող անվերջ տևել: