Ինչո՞վ կավարտվի տնտեսագետների պատերազմը
Երկու տնտեսագետների՝ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի միջև կոնֆլիկտը ոչ միայն չի հանդարտվում, այլև կարծես նոր թափ է հավաքում։
Նշենք, որ լարվածությունը սկիզբ էր առել նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Թ.Մանասերյանը քննադատեց Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագիրը՝ «100 քայլը»՝ նշելով, որ դրանում առկա են մի շարք հակասություններ։
Թ.Մանասերյանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ, մասնավորապես այդ ծրագրի 66-րդ կետը (բանկերի կողմից ներդրումների դադարեցում, դրամի ուժեղացում) հակասում է 57-րդ և 58-րդ կետերին, որոնցում խոսվում է դրամի արհեստական արժևորման արգելակման և տրանսֆերտների հաշվին տնտեսության վարկավորմամբ զբաղվող հիմնադրամ բացելու մասին։
Ովքեր քիչ թե շատ ճանաչում են նախկին վարչապետին, համոզված էին, որ նա այդ քննադատությունը կուլ չի տա։ Այդպես էլ եղավ։ Փետրվարի 13-ին Բագրատյանն անդրադարձավ Մանասերյանին և նրա արտահայտած մտքերին՝ անելով արտահայտություններ, որոնք Թ.Մանասերյանը վիրավորական համարեց։ Եվ փետրվարի 14-ին ֆեյսբուքի միջոցով բանավեճի հրավիրեց Հ. Բագրատյանին՝ բավականին վիրավորական ձևակերպումներով։ «Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Բագրատյան Հրանտը, ով, մեղմ ասած, երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, փետրվարի 13-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում փորձել է անձնավորել նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչած մասնագիտական զուսպ քննադատությունը` իր ծրագրում առկա հակասությունների առնչությամբ, և իրեն թույլ է տվել անընդունելի վիրավորական արտահայտություններ:
Մասնագիտական առարկայական քննարկման միջոցով իր, այսպես կոչված, «նախընտրական ծրագրի» անհեթեթությունները բացահայտելու, նախագահի թեկնածուի գրագողության փաստերը հիմնավորելու և տնտեսագիտության բնագավառում տարրական գիտելիքների պակասը հանրությանը իրազեկելու նպատակով դիմում եմ հայկական բոլոր հեռուստաընկերություններին` ուղիղ եթերում հանդիպում կազմակերպելու և հրավիրելու անպատասխանատու արտահայտությունների հեղինակին»,- գրել էր Մանասերյանը՝ համոզմունք հայտնելով, որ Բագրատյանը «բավարար համարձակություն չի ունենա առերեսվելու և փորձելու է արդարանալ նոսրացած ընտրազանգվածի հետ հանդիպումների արանքում ժամանակի պակասով»։
«Արմնյուզն» անմիջապես արձագանքեց այս առաջարկությանը և տնտեսագետներին առաջարկեց բանավիճել իր եթերում։ Թ.Մանասերյանը պնդում է, որ Հ.Բագրատյանը չի ընդունել առաջարկը, և ֆեյսբուքում կատարեց հետևյալ գրառումը. «Խորը կսկիծով տեղեկացա, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության կողմից արված հրավերը չի ընդունվել Բագրատյան Հրանտի կողմից… Որքան էլ դժվար կլինի ընկալել ժամանակակից տնտեսագիտության մեգա աստղին, ակնկալում եմ ոչ անձնավորված, ոչ քաղաքական, այլ ընդամենը մասնագիտական բանավեճ»: Հրանտ Բագրատյանն այդ ընթացքում նախընտրում էր ոչ թե պատասխանել, այլ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել իր ընտրողների հետ։
Ընտրություններից անցել է շուրջ մեկ ամիս, և թվում է՝ այս պատմությունն արդեն պետք է մոռացվեր, սակայն Թ.Մանասերյանը երեկ ևս մեկ անգամ թարմացրեց թեման. մամուլի ասուլիսում խոսելով Հ.Բագրատյանի հետ բանավիճելու մասին, նա ասել է. «Հումորով եմ վերաբերվում այդ, վերապահումով ասած, «մասնագետի» հայտարարություններին»։ Թ. Մանասերյանը նաև հիշեցրել է, որ երկու անգամ պաշտոնապես հրավիրել է Հ.Բագրատյանին, սակայն վերջինս երկուսից էլ խուսափել է։
Մենք փորձեցինք այս պատմության հետ կապված մեկնաբանություններ ստանալ Հրանտ Բագրատյանից, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց։ Փոխարենը՝ մեզ պատասխանեց «Ազատություն» կուսակցության անդամ Կարինե Պետրոսյանը։ Նա նշեց, որ Հրանտ Բագրատյանը բանավեճի առաջարկը չի մերժել։ Իրենց գրասենյակը նշել է, որ քարոզարշավի ընթացքում ավելի նպատակահարմար է, որ Բագրատյանի փոխարեն բանավեճի գնա նրա թիմի անդամ Արմեն Կիրակոսյանը։ Վերջինս, ի դեպ, նախկինում զբաղեցրել է արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը և նախընտրական շրջանում ներկայացնում էր Հրանտ Բագրատյանի «100 քայլ» ծրագիրը։ Արմեն Կիրակոսյանն առաջարկել է բանավեճի գնալ, սակայն այս անգամ չի համաձայնել արդեն Թ.Մանասերյանը։
Մենք զրուցեցինք նաև Թ.Մանասերյանի հետ։ Նա նշեց, որ ինքն այսօր էլ պատրաստ է բանավիճել Հրանտ Բագրատյանի հետ, քանի որ իր հասցեին քննադատություն հնչել է հենց նրա կողմից։ Իսկ Բագրատյանի թիմի այլ անդամների հետ Մանասերյանը ցանկություն չունի բանավիճել։
Մեր դիտարկմանը, թե իշխանության թեկնածուի ծրագիրը նույնպես զերծ չէ թերություններից և հակասություններից, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում և չեք հրավիրում բանավեճի, Թ.Մանասերյանը պատասխանեց. «Ո՞վ ասաց` չեմ բանավիճում։ Վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ բանավիճել եմ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ»։ Թ.Մանասերյանն ընդգծեց, որ ինքն ամբիցիաներ չունի և միշտ պատրաստ է մասնագիտական բանավեճի։
Դժվար է ասել՝ ի՞նչ շարունակություն կունենա այս պատմությունը։ Նախընտրական շրջանում, իհարկե, սպասելի էր, որ Հրանտ Բագրատյանը կմերժի բանավեճի առաջարկը։ Ի վերջո, նա ընդդիմադիր թեկնածու էր և չէր ընկալվի, եթե իր բուն թիրախին՝ իշխանությանը թողած, հեռուստատեսային բանավեճի գնար անկախ տնտեսագետի հետ, ով նույնպես հանդես է գալիս իշխանության քննադատությամբ։ Կամ փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել:
Թե ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Հրանտ Բագրատյանն այժմ, դժվար է ասել։ Նրան ճանաչողները կարծում են, որ Հրանտ Բագրատյանն, այնուամենայնիվ, բանավեճի չի գնա Թ. Մանասերյանի հետ։ Ոչ թե այն պատճառով, որ վախենում է, այլ նույն պատճառով, ինչ պատճառով ժամանակին չցանկացավ բանավիճել ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հետ։
Բագրատյանը պահանջում էր, որ բանավեճի գան վարչապետը կամ նախագահը։ Ինչպես ասում են` Հ. Բագրատյանին ճանաչողները, նրա համար կարևոր է նշաձողը։ Իսկ նշաձող, ինչպես արդեն նշեցինք, նախկին վարչապետի համար հանդիսանում է գործող վարչապետը կամ նախագահը, թեպետ նախընտրական շրջանում նա կարող էր բանավիճել այլ թեկնածուների հետ։
Իհարկե, մասնագիտական բանավեճը՝ որպես այդպիսին, չափազանց դրական և անհրաժեշտ երևույթ է, որի կարիքը Հայաստանում կա։ Այս պատմության սկզբում թվում էր, որ եթե բանավեճ տեղի ունենա, ապա դա կլինի հենց նորմալ, մասնագիտական, քաղաքակիրթ տարբերակով։ Սակայն, ինչպես տեսնում ենք, կրկին ամեն ինչ անձնավորվել է և մասնագիտական դաշտից տեղափոխվել անձնական վիրավորանքների հարթություն։ Իսկ դա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում նորմալ բանավեճի մոտ ապագայում ականատես չենք լինի։
«168 ԺԱՄ»