
Մենք «Երևան-Վան» չվերթի բացումը որակում ենք որպես Հայաստանին աջակցում. Ալի Հասանով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը մեկնաբանել է «Երևան-Վան» ավիաչվերթի առաջիկա բացումը.
«Ադրբեջանը քանիցս հայտարարել է և նորից հայտարարում է, որ հատուկ զգայունություն է ցուցաբերում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ յուրաքանչյուր շփումներին, քանի որ մենք դրանք գնահատում ենք որպես նրանց ցուցաբերած աջակցություն և նրանց ուժեղացում:
Երբ դա անում են այն երկրները, որոնց ռազմավարական շահերը համընկնում են Ադրբեջանի հետ, ապա մենք դրան նայում ենք կրկնակի զայրույթով: Դա ոչ միայն մեր, այլև` թուրք հասարակության դիրքորոշումն է:
Որոշ ժամանակ առաջ, երբ խոսքը գնում էր հայ-թուրքական սահմանի բացման մասին, այդ հարցն աջակցություն չստացավ Թուրքիայի կառավարությունից, քաղաքական կուսակցություններից ու հասարակությունից: Մենք «Երևան-Վան» չվերթի բացումը որակում ենք որպես Հայաստանին աջակցում»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը սրանից առաջ հայտարարել է, որ «Երևան-Վան» ավիաչվերթի բացումը կապված չէ Թուրքիայի պետական քաղաքականության հետ: