«Օնլայն վերահսկողությունը» գնալով ավելի մեծ վտանգ է ներկայացնում լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների համար. RWB
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 12-ին լրացող Ինտերնետում գրաքննության դեմ միջազգային օրվա կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը հատուկ զեկույց է պատրաստել ցանցային մոնիթորինգի մասին:
Դրանում ասվում է, որ տեղեկատվական համակարգերում տեխնոլոգիական միջամտության ու հաղորդագրություներ որսալու շնորհիվ պետությունները շարունակում են ձերբակալել գնալով ավելի ու ավելի շատ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների ու այլակարծների:
2013 թվականի մարտի 12-ի դրությամբ շարունակում են վանդակաճաղերից այն կողմ մնալ մոտ 180 կիբեր-ակտիվիստ՝ համացանցում իրենց գործունեության համար: Զեկույցում նշված է համացանցի 5 թշնամի երկրի մասին, որոնցում մշտապես վերահսկվում է համացանցը և լրջորեն խախտվում են մարդու իրավունքները:
Խոսքը Չինաստանի, Սիրիայի, Իրանի, Բահրեյնի ու Վիետնամի մասին է: Այս երկրներում միջամտությունը կրում է զանգվածային բնույթ, ինչը մասնավորապես վերաբերում է ընդդիմադիրներին ու նրանց գործընկերներին վնասաբեր ծրագրերի ուղարկմանը: «Օնլայն վերահսկողությունը» գնալով ավելի ու ավելի մեծ վտանգ է ներկայացնում լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, բլոգերների ու իրավապաշտպանների համար:
Այն վարչակարգերը, որոնք փորձում են վերահսկել տեղեկատվությունը, այլևս չեն դիմում ուղիղ արգելափակման միջոցի: Նրանք ավելի հաճախ նախընտրում են գործել աննկատ՝ դիմելով նուրբ գրաքննության և հետևելով օգտատերերին: Զեկույցում կարծիք է հայտնվում, որ Արևմուտքը չպետք է առաջադեմ տեխնոլոգիաներ հատկացնի ավտորիտար վարչակարգերին:
Ադրբեջանի հետ կապված՝ փորձագետները կարծում են, որ այնտեղ չափազանց այժմեական է համացանցի միջոցով ընդդիմադիրներին հետևելու և գլոբալ ցանցին իշխանությունների միջամտության խնդիրը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ անվտանգության ուժերն այդ նպատակով օգտագործում են իսրայելական սարքավորում: