Արծվի Բախչինյան. Գրեթե համոզված եմ, որ բախումներ չեն լինի, որովհետև սերունդներն են ուրիշ, ընդդիմության որակն է ուրիշ

Հարցազրույց հայագետ, կինոգետ, պատմաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքացիական շարժման ակտիվիստ Արծվի Բախչինյանի հետ

– Ինչպե՞ս կբնութագրեք հետընտրական զարգացումները. Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը կատարվող իրադարձությունները՝ բողոքի ակցիա՞, քաղաքացիական անհնազանդությո՞ւն, թե՞ շարժման դրսևորում, ինչպես 1988-ին:

– Կարծում եմ՝ երեքը մեկի մեջ: Ճիշտ է, 1996 թվականից սկսած՝ մենք համանման երևույթի հանդիպում ենք, որովհետև ընտրությունները կեղծվում են, և ամեն անգամ ժողովրդի մի ակտիվ զանգված ընդվզում է դրա դեմ, բայց այս մեկն իսկապես աննախադեպ է իր որակով: Աննախադեպությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նախ՝ այն, որ ասպարեզ է իջել նոր սերունդ, որին հատուկ չեն վախն ու անտարբերությունը, որը գտնում է, որ իր մասնակցությամբ ի զորու է փոխել ցանկացած երևույթ, ով ինքնորոշված է: Երկրորդ գործոնը նորագույն տեխնոլոգիաներն են. ժամանակին մենք չունեինք այլընտրանքային լրատվության միջոցներ և իմանում էինք այն ամենի մասին, ինչը մեզ ծուռ հայելու մեջ առաջարկում էին պետական լրատվամիջոցները: Արաբական երկրների օրինակով մենք կարող ենք դիտարկել, թե ի՞նչ կարևորություն ունի մասնավորապես Դիմագիրքը (ֆեյսբուք) հեղափոխական շարժումների համար:

Երրորդ գործոնը դիմադրության քաղաքակիրթ էությունն է. ընդդիմադիր զանգվածի գլխին կանգնած չէ հեղինակազրկված առաջնորդ, որն անընդհատ շեշտում է հանրության ու իշխանության հակադրությունները և չի ընդունում իր անցյալի մեղքերը: Այս անգամ սա չկա. գործողություններն իրականանում են՝ օրենքի տառին հետևելով:

Կարդացեք նաև

Ոչ պակաս կարևոր գործոն է նաև հասարակության սոցիալական վիճակը, որը նախորդ տարիների համեմատ՝ ավելի է վատթարացել: Անցած հինգ տարիների ընթացքում մենք եղել ենք ֆիզիկապես խաղաղության մեջ, բայց տարբեր ճակատներում պարտություններ ենք գրանցել՝ լինի բնապահպանության ոլորտում, լեզվի, կրթության, մարդու իրավունքների պաշտպանության, և այլն: Չկա մի ոլորտ, որը հաջողապես ապականված չլինի իշխանությունների կողմից, ուստիև հասարակությունն այլևս չի ցանկանում հանդուրժել ու անկումային այս շրջանի շարունակությունը տեսնել ևս հինգ տարի: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է մնալ չգործող օրենքների երկիր:

ՀՀ սահմանադրությունն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց թե՛ այս, թե՛ մյուս օրենքները մնում են թղթի վրա: Ի՞նչ է նշանակում, որ մի խումբ անգրագետ, անքաղաքակիրթ մարդիկ մեր երկրում կարող են վեր լինել Սահմանադրությունից և օրենքներից: Ի՞նչ է նշանակում, որ պետությունը մի քանի անգամ չեղյալ համարի Փակ շուկայի քանդումն ու դրա տեղում ապօրինի շինության կառուցումը, բայց դա ոչ մի նշանակություն չունենա նորին մեծություն օլիգարխի վրա, ու վերջինս շարունակի Երևանի ճարտարապետական դիմագծի աղավաղման իր սուրբ գործը:

Խոստացված բարեփոխումների փոխարեն՝ մենք անընդմեջ տեսնում ենք գործազրկություն, արտագաղթի աճ, ամենաթողություն, ուրիշ ի՞նչ: Սրանք երևույթներ են, որոնց դեմ քաղաքացիական ակտիվ հասարակություն ունեցող երկրներում ամեն կերպ կանգնում են։ Եվ ահա այսօր պայքարի ոգի ունեցող ու իր իրավունքների համար պայքարող երիտասարդության կողքին, կարծում եմ, պարտավոր է կանգնել ցանկացած քաղաքացի, ով դեմ է այս համակարգին: Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուրն իր ֆիզիկական ներկայությամբ, իր բողոքի ձայնով, անտարբեր չմնալով՝ նպաստի այս երկրի մաքրմանը:

– Որքան էլ ցանկանանք՝ չենք կարող հասարակական այս բողոքը չքաղաքականացնել: Ըստ Ձեզ՝ «Բարևի» հեղափոխությունն ունա՞կ է քաղաքական խնդիրներ լուծել:

– Սա այն նուրբ հարցն է, որի մասին ես ամենից քիչն եմ ցանկանում մտածել: Եթե այսօր կա մի շարժում, որը վստահեցնում է ժողովրդին, թե ինքը պատրաստ է մաքրել հայաստանյան ավգյան ախոռներն ու մի քիչ թարմ օդ բերել այս երկիր, ես միանշանակ նրա կողքին եմ: Համամիտ եմ այն տեսակետին, թե հեղափոխությունը նախ մեր մեջ պետք է լինի, ու կարծում եմ՝ շատերի մեջ մի բան փոխելու համոզմունքն արդեն արթնացել է՝ քնեցնելով վախի ու անտարբերության զգացումը:

Ինձ համար շատ ծիծաղելի է, որ հատկապես դրսից մեզ հաղորդագրություններ են գալիս, թե հիմա կտրուկ փոփոխությունների ժամանակը չէ։ Այդ ինչպե՞ս (չեմ կարող նորից չնշել) Վրաստանում կտրուկ վիրաբուժական եղանակով հնարավոր եղավ հասնել արմատական փոփոխությունների, իսկ մեզ մոտ երբեք չի գալիս դրա ժամանակը: Մեզանում պարզապես փոփոխություն կատարելու կամքն է բացակայում, իսկ մեր մեջ արմատացած արևելյան անտարբերությունը դրական ոչինչ չի բերում մեզ:

– Իսկ ընդդիմությունը ստեղծված իրավիճակում մեղք չունի՞:

– Մենք տարիներ շարունակ ո՛չ ընդդիմություն ենք ունեցել, ո՛չ դիմություն: Մեր ընդդիմությունը եղել է սեփական շահերի համար պայքարող, կեղծ խմբավորում, որն ամեն անգամ փուչիկի պես պայթել է, ու համապետական չընտրություններից հետո մենք բացահայտել ենք այն գործիչների իրական դեմքը, ովքեր կուրծք էին ծեծում՝ իբրև ընդդիմադիրներ: Իհարկե, կարծում եմ, «ընդդիմության» մեղքը նրանում է, որ վարվել է այնպես, ինչպես դիմությունը, չի կարողացել վստահություն ներշնչել մարդկանց՝ հարյուր տոկոսով վստահելու իրենց: Հիմա էլ մարդիկ որոշ վերապահումներ ունեն Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ստեղծված շարժման  նկատմամբ, հարյուր տոկոսով չեն ընդունում:

– Տեսակետ կա, թե մարդիկ կողմ են ոչ թե ընդդիմությանը, այլ պարզապես դեմ են գործող իշխանությանը: Համամի՞տ եք:

– Որոշ առումով՝ այո: Բայց եթե համեմատենք նախորդ տարիների հետ, կարծում եմ, որ, ի տարբերություն անցած տարիների, այս անգամ մարդիկ ավելի շատ կողմ են ընդդիմությանը: Եվ հենց սրանով եմ բացատրում նաև այն հանգամանքը, որ, իմ ընկալմամբ, պայքարը երկար կտևի:

– Ասացիք, թե հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանին հարյուր տոկոսով չեն վստահում: Ո՞րն է դրա պատճառը. չեն տեսնում ծրագի՞րը, քայլերի հաջորդականությո՞ւնը, թե՞ կա այլ պատճառ:

– Մտավորականների այն շրջանակը, որոնց հետ ես շփվում եմ, հակված չէ մտածելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագիր չունի, կամ քայլերի հերթականության մասին պետք է խոսի, բայց չի խոսում: Այդ տրամադրությունները ես տեսնում եմ արտասահմանում ապրող հայերի մոտ, ովքեր չեն տիրապետում ամբողջական իրավիճակին, ինչպես նաև նրանց մոտ, ովքեր մտածում են, թե իշխանությունը հանգիստ, առանց կոշտության չի հանձնվի ժողովրդին: Մեծամասնություն են կազմում հենց մարդիկ, ովքեր մտածում են, որ առանց բախումների իշխանությունը չի հանձնվի:

– Իսկ որքանո՞վ է հավանական, որ քաղաքացիական անհնազանդությունը դուրս կգա վերահսկողությունից ու կդառնա բախումների պատճառ:

– Գրեթե համոզված եմ, որ բախումներ չեն լինի, որովհետև սերունդներն են ուրիշ, ընդդիմության որակն է ուրիշ: Ոչ մի արհամարհական կամ ռազմաշունչ հայտարարություններ մինչև հիմա մենք չենք լսել ընդդիմության կողմից, հասարակությունն էլ վերջին մեկ տարվա մեջ դրսևորել է իր խելամիտ, պրովոկացիաների չգնացող գիտակցությունը: Մասնակցելով տարբեր ակցիաներին՝ նկատել եմ, որ իշխանությունն այլևս չի կարողանում ընդհանուր եզրեր գտնել քաղաքացի-ակտիվիստների հետ, բանակցել նրանց հետ, որովհետև քաղաքացին խոսում է օրենքի լեզվով, իսկ իշխանությունը միայն ուժ է կիրառում: Ես սա կբնութագրեմ՝ որպես մտքի բախում, որի արդյունքում տարբերվում են առողջ ու հիվանդ մտածելակերպերը: Իսկ առողջ բջիջները, դասադուլի օրինակով կարող եմ փաստել, որ մեզանում շատանում են:

– Ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակում, երբ ընդդիմությունն իր հերթին է պայքարում, իշխանությունն էլ՝ իր հերթին, կարծես, չի զիջում ընդդիմությանը:

– Մեր իշխանություններն այնքան ինտելեկտ ու կամք չունեն, որպեսզի խոստովանեն սեփական սխալները: Մինչ այդ, իհարկե, համառության ու սեփական իրավունքների պաշտպանության ճանապարհին քաղաքացիական փոքր խմբերը հաղթանակներ կարձանագրեն, բայց քանի դեռ մեզ իշխում են փտած ուղեղներով իշխանավորները, ովքեր անկարող են ընդունել իրենց ու իրենց նախնիների սխալը, մենք արմատական փոփոխությունների չենք հասնի:

Մաշտոցի պուրակում մենք անտեսվեցինք, նվաստացանք, ծեծ կերանք, ու հարցը լուծվեց նախագահի մեկ՝ «Սիրուն չէ՝ ապամոնտաժեք» խոսքով, որովհետև վերջինս պարզապես չէր ցանկանում ընդունել, որ իրենք բոլորն էլ սխալ են՝ հանրային տարածքն ապօրինի կառուցապատման տալու հարցում: Մնացած ակցիաներն էլ գուցե առավելագույնն արժանանան նմանատիպ լուծման, մինչև իշխանությունը չհամոզվի ու վերջ դնի թալանին, կեղեքմանը և, ի վերջո, հաշվի նստի իրենից այնքան օտարված ժողովրդի հետ: Իսկ ժողովուրդը շատ բան չի ուզում. մենք ցանկանում ենք օրինական պետություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, որն այնքան է սրվել, որ ամեն մեկս մեր կաշվի վրա զգում ենք դրանց բացակայությունը:

– Դուք հաճախ եք խոսում նաև ցմահ դատապարտյալների խնդիրների մասին…

– Պարզապես ողբերգություն է, որ գրեթե 3 միլիոնանոց մեր երկրում ունենք 105 ցմահ  դատապարտյալ: Մեկ տարի առաջ կարդացի նրանցից մեկի՝ Մհեր Ենոքյանի գիրքը, որն ամբողջությամբ փոխեց իմ պատկերացումներն այս հարցի շուրջ։ Պարզվում է՝ ամբողջ աշխարհում շատերը դառնում են դատական սխալների զոհ, որոնք վերանայվում են, և մարդկանց խեղված ճակատագրերն ուղղվում են, բայց, արի ու տես, որ մեր  հանրության մեջ մեծ խնդիր է դատական գործերի և պատժաչափերի վերանայման հարցերը, քանի որ գործ ունենք միևնույն հիմնահարցի հետ՝ դատարանը ևս, իր հերթին, չի ընդունում, որ ինքը կամ իր նախնին երբևիցե կարող են սխալ դատապարտել մեկին։ Արևելյան քարացած մտածողության ևս մի արդյունք:

Եվ վերջում ուզում եմ նշել, որ, եթե Մհեր Ենոքյանի նման քաղաքացին, նստած լինելով բանտում, պայքարում է իր և իր նման մարդկանց իրավունքների համար, ապա մենք առավել ևս պետք է ամենօրյա մեր գործունեությամբ, անկախ մեր հիմնական զբաղմունքներից, մեր պարտքը կատարենք մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցն ամրապնդելու համար:

Տեսանյութեր

Լրահոս