Առաջին համակարգչային ցանցը Հայաստանում միավորում է 60-ից ավելի գիտական և կրթական կազմակերպություններ
Հայաստանում գործող ամենամեծ գերատեսչական ASNET-AM ցանցը, որը Հայաստանում ստեղծված առաջին համակարգչային ցանցն է, միավորում է 60-ից ավելի գիտական և կրթական կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում ստեղծված այս ցանցը գիտակրթական կազմակերպություններին միավորելուց բացի ապահովվում է նաև հայաստանյան գիտակրթական ոլորտի ելքը դեպի եվրոպական ցանցեր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը: Նրա խոսքով՝ առաջին համակարգչային ցանցը գործում է արդեն մոտ 20 տարի: Ցանցը ստեղծել և մինչ օրս հիմա սպասարկում են ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի աշխատակիցները:
«Ցանցը ստեղծվել էր որպես ակադեմիական, գիտահետազոտական համակարգչային ցանց, որին հետագայում սկսեցին միանալ նաև այլ գիտական և կրթական կազմակերպություններ: Ցանցի շնորհիվ մեր գիտակրթական միջավայրը ընգրված է այդ եվրոպական միջավայրի մեջ»,- ասաց Վ. Սահակյանը՝ նշելով, որ խոսքը մասնավորապես եվրոպական GEANT ցանցին է վերաբերում, որին միացած են երեք տասնյակից ավելի երկրներ:
Ցանցի անհրաժեշտության մասին խոսելիս Վ. Սահակյանը նշեց, որ ներկայումս գրեթե ամեն մարդ ունի ինտերնետ, որը ոչ կարգավորված մուտք է ինչ-որ տարբեր միջավայրերի մեջ: Մինչդեռ նման ցանցերը ստեղծված են հատուկ գիտակրթական միջավայրերի համար:
«Ցանկացած հաշվարկների կամ հետազոտություների իրականացման համար պահանջվում է հսկայական տեղեկություն, իսկ նման միջավայրերը գիտականներին հնարավորություն են տալիս առավել տեղեկացված լինել աշխարհում գիտական այդ ուղղությամբ կամ թեմայի վերաբերյալ»,- ասաց Վ. Սահակյանը:
Հայաստանի առաջին համակարգչային ցանցը հասանելի է անվճար, դրանից կարելի է օգտվել՝ գտնվելով գիտկան կառույցներում: Նշենք, որ ցանցի ծառայություններից ներկայում օգտվում են մոտ 2500 գիտական աշխատողներ, ասպիրանստներ, ուսանողներ և այլն: