Բաժիններ՝

Նինո Կատամաձե. «Պետք է երախտապարտ լինես այն ամենի համար, ինչ ունես»

Արդեն երկու օր է, ինչ Երևանում է «Insight» խմբի մեներգչուհի, ազգությամբ վրացի էթնիկ և ջազ ոճի երգչուհի Նինո Կատամաձեն: Երեկ երգչուհին «Յանս» երաժշտական ակումբում ներկայացրել է իր նոր՝ «Green» ձայնասկավառակի երգերը: Նինո Կատամաձեն համերգ կունենա նաև այսօր՝ «Յանս» ակումբում, ժամը 21:00-ին:

                                 

                             

 

                      168.am-ը զրուցել է Նինո Կատամաձեի հետ:

-Նինո, Ձեր երգերը տեսահոլովակներ չունեն: Ո՞րն է դրա պատճառը: Դուք վախենո՞ւմ եք դառնալ փոփ երգչուհի:

-Ոչ: Պարզապես այն, ինչ մեզ դուր է գալիս՝ շատ թանկ արժե: Իսկ մենք նախընտրում ենք այդ գումարով երաժշտական գործիքներ գնել և ոչ թե այդ գումարները ծախսել տեսահոլովակի վրա: Բայց, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ մի օրիգինալ տեսահոլովակ նկարահանենք ու ներկայացնենք այն մեր լսարանին. դրա ժամանակն արդեն հասունացել է: Հիմա չնայած ֆինանսական միջոցները կան տեսահոլովակ նկարահանելու համար, բայց, անկեղծ ասած՝ ժամանակ չկա: Օրիգինալ տեսահոլովակ նկարահանելու համար ժամանակ է պետք, իսկ ցանկությունը կա:

-Հարցազրույցներից մեկում ասել եք, որ սիրում եք երաժշտական գործիքներ գնել այն քաղաքներից, որտեղ համերգ եք ունենում: Հայաստանից ի՞նչ երաժշտական գործիք եք տանելու Ձեզ հետ:

-Ես դուդուկի ձայնը շատ եմ սիրում: Մնացած հայկական գործիքները, անկեղծ ասած, չգիտեմ: Միայն դուդուկի ձայնն եմ լսել: Ես շատ եմ սիրում Լիլիթ Պիպոյանին, ում անպայման այսօր կզանգեմ, որ հանդիպենք. երեկ պարզապես ժամանակ չունեցա իր հետ խոսելու: Նա հիանալի ներդաշնակությամբ է ներկայացնում արևելյան ու հայկական երաժշտությունը: Դուդուկն ունի մի հոգևոր դիապազոն, որն ինձ համար շատ հաճելի է: Երբ առաջին անգամ լսեցի դուդուլի ձայնը, իմ մեջ սկսեցի գոնե նման ելևէջներ փնտրել … դա շատ հետաքրքիր է:

-Դուք միշտ ասել եք, որ երաժշտական իմպրովիզացիան Ձեզ հաջողվում է այն ժամանակ, երբ հանդիսատեսը Ձեզ ջերմ է ընդունում: Երեկ Դուք ելույթ եք ունեցել հայ հանդիսատեսի համար: Ինչպիսի՞ն էր ընդունելությունը: Ստացվե՞ց իմպրովիզացիան:

-Օ՜, այո: Ես երեկ հնարավորություն ունեցա ավելի շատ բացվել հանդիսատեսի առջև, քան երբևէ: Մի հանգամանք կա, որը ևս կարևոր է: Եթե փոքր-ինչ տիրապետում ես տվյալ երկրի քաղաքային արվեստին, ֆոլկլոր երաժշտությանը՝ կարողանում ես ավելի հեշտ ընդունվել հանդիսատեսի կողմից, ու ըստ այդմ ՝ավելի շատ իմպրովիզացիաներ անել բեմում: Ասենք, եթե գիտես, որ Ուկրաինայում է ստեղծվել բանդուրան, գիտես՝ ի՞նչ ուղղությամբ պետք է տանես համերգը, ի՞նչ տոնայնությամբ ու ձայնային ի՞նչ տրամադրությամբ գրավես իրենց: Երևանում երգելն ինձ համար, իսկապես, դժվար չէ: Այստեղ ես փորձում եմ ինձ, թե որքա՞ն կբավականացնեմ հանդիսատեսին:

-Վերջին անգամ, երբ Թբիլիսիում ներկա էի Ձեր համերգին, զգացի, թե ի՞նչ մեծ էներգիա եք փոխանցում հանդիսատեսին: Ինչպե՞ս է դա Ձեզ մոտ ստացվում: Ումի՞ց կամ ինչի՞ց եք Դուք էներգիա ստանում:

-(Հայացքը վեր է բարձրացնում,-Տ.Մ.) Աստծո՛ւց: Միանշանակ, Աստծուց եմ լիցքավորվում: Հնարավոր չէ վերականգնվել մեկ օրում, երբ դու ելույթի ժամանակ ներդնում ես քո ողջ էներգիան, հմտությունները, ձայնը… անկեղծ, հնարավոր չէ մեկ օրում վերականգվել, դա ուղղակի անհնար է: Միակ ճանապարհը՝ բնականին ու ճշմարիտին հպվելն է՝ թեկուզև մեկ ակնթարթով, շնորհակալ լինելը, որ դու պարզապես կանգնած ես բեմի վրա, ապրում ես այն ամենով, ինչ ունես, ապրում ես նրանով՝ ով ես դու: Կարծում եմ՝ պետք է երախտապարտ լինես այն ամենի համար, ինչ ունես:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ Գոհար Արամյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս