Մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցը կարող է ազդել Իրանի նախագահական ընտրությունների վրա. Լարիջանի

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ահմեդ Շահիդի պատաստած՝ Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ վերջին զեկույցը միտված է Իրանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների վրա ազդելուն: Այս մասին հայտարարել է Իրանի՝ մարդու իրավունքների խորհրդի քարտուղար Մոհամադ Ջավադ Լարիջանին:

Վերջինս ընդգծել է, որ Շահիդի վերջին զեկույցը պատվիրված և պատրաստված է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը համապատասխան. «Այդ զեկույցը լայնորեն ծավալվել է արևմտյան ու իսրայելական ԶԼՄ-ներում, և այդ զեկույցի միակ նպատակը նախագահական ընտրությունների վրա ազդելն է»:

Շահիդի պատրաստած զեկույցում մասնավորապես ուշադրություն է դարձվել նրան, որ ընդդիմադիր առաջնորները չեն մասնակցելու նախագահական ընտրություններին, քանի որ գտնվում են ազատազրկման մեջ:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հունիսի 14-ին: Այդ օրն իրանցի ընտրողները կընտրեն գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հաջորդին, քանի որ Ահմադինեժադը չի կարող երրորդ անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում:

Տեսանյութեր

Լրահոս