Մինասի որմնանկարը տեղադրվել է Գյումրիի քաղաքապետարանի «ռեմոնտի» սենյակում (լուսանկարներ)
Դեռևս նախորդ տարի Գյումրիի քաղաքապետարանը` նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը Գյումրիի «Քարմշակմեքենա» ՓԲԸ-ի նախկին ճաշարանից տեղափոխեց քաղաքապետարանի տարածք: Ընդ որում` Մինասի այդ կտավի տեղափոխման համար քաղաքապետարանն` ըստ պայմանագրի, պարտավոր էր համայնքային բյուջեից վճարել 37 մլն դրամ: Նախկին քաղաքապետը, սակայն, որմնանկարի տեղափոխման աշխատանքների հետ կապված 7 մլն պարտքը, այսպես ասած` «կտակել է» ներկայիս քաղաքապետին`ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Ի դեպ, ներկայիս քաղաքապետին կտակված պարտքերի ցուցակն ավելի ծավալուն է, ինչին առաջիկայում կանդրադառնանք: Ինչևէ, Մինասի «Հայկական հովվերգությունն» իր 3 մասով տեղափոխվել է Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց շենք: Որմնանկարի շարքի մի մասը տեղադրված է քաղաքապետարանի 2-րդ հարկում, մյուս երկու մասերը տեղադրված են քաղաքապետարանի այն հատվածում, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքները: Ընդ որում` քաղաքապետարանի շենքի արտաքին տեսքից դժվար է ենթադրել, որ քաղաքապետարանի մի հատվածը դեռևս նորոգված չէ, այլ կերպ ասած` քաղաքապետարանը դեռևս «ռեմոնտի» մեջ է: Այդ հատվածում նախկին քաղաքապետը ծրագրել էր կառուցել ավագանու նիստերի և համաժողովների դահլիճ: Այսօր «Հայկական հովվերգության» երկու հատվածները տեղադրվել են հենց այդ համաժողովների ապագա դահլիճում, որտեղ դեռևս ընթանում են վերոնորոգման աշխատանքները, իսկ սենյակը փոշոտ է, ավազախառը, լի՝ շինարարական նյութերով ու պարագաներով: Որմնանկարը, ասես, որբ երեխայի պես՝ բոկոտն է մնացել մութ փողոցում՝ լքված բոլորի կողմից: Առաջիկայում այս կապակցությամբ կներկայացնենք Գյումրիի քաղաքապետարանի մեկնաբանությունը: