«Մոզամբիկի նախագահը նույնպես նմանատիպ ուղերձներ է ստանում». փորձագետը`Օբամայի շնորհավորական ուղերձի մասին
Փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, իսկ մի քանի օր անց` մարտի 3-ին, ի վերջո Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Առաջին ուղերձից հայկական մամուլում առավել ուշադրության արժանացավ Քերրի այն դիտարկումը, որ ԱՄՆ-ը չի կարող բավարարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ստատուս-քվոյի պահպանմամբ, իսկ Բարաք Օբամայի շնորհավորանք ինքնին նշանավոր էր նրանով, որ երկրորդ անգամ վերընտրված Սերժ Սարգսյանն առաջին անգամ էր շնորհավորական ուղերձ ստանում ԱՄՆ նախագահից:
Ի՞նչ նշանակություն ունի Օբամայի շնորհավորանքը, և արդյո՞ք ստատուս-քվոյի վերաբերյալ ակնարկը կարելի՞ է համարել ակնկալիք Սերժ Սարգսյանից: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ի պատասխան 168.am-ի այս հարցին` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասաց.«Ես այլևս ամերիկյան կառավարությունում չեմ աշխատում, ուստի պարտավոր չեմ պաշտպանել նրանց, բայց որպես ԱՄՆ քաղաքացի` ես հիասթափված եմ»: Փորձագետն ԱՄՆ պետքարտուղարության կողմից ուղարկված ուղերձը համարեց շնորհավորանք` ուղղված հայ ժողովրդին, իսկ իր հիասթափությունը բացատրեց հետևյալ կերպ. «Եթե ուշադրությամբ կարդանք նախագահ Օբամայի ուղերձն ամբողջությամբ, ապա կտեսնենք, որ այն ամբողջովին շնորհավորանք չէ Սերժ Սարգսյանին, այնտեղ հիշեցվում և վերահաստատվում են այս ընտրություններում եղած խնդիրները»,- ասաց նա: Սակայն նա միաժամանակ նշեց, որ Թուրքիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերի տեսանկյունից` ուղերձն ուժեղացրեց Հայաստանի դիրքերը:
«Սակայն պետք է հիշել մի բան. նախագահ Օբաման ոչ միայն չի գրել այդ նամակը, բայց հավանաբար նույնիսկ տեղյակ էլ չի եղել, որ նման նամակ է ուղարկվել: Այլ կերպ ասած` Մոզամբիկի նախագահը նույնպես նմանատիպ ուղերձներ է ստանում»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը,-«Սակայն կա ավելի կարևոր հարց. մենք պետք է արդեն վաղուց ձանձրացած լինեինք Հայաստանի ժողովրդավարությունը չափել նրանով, թե, ասենք, ի՞նչ են այդ մասին ասում նախագահ Պուտինը կամ նախագահ Օբաման, մենք պետք է այն չափենք մեր ակնկալիքներով, այսինքն ավելի կարևոր է, թե ինչ է ընտրությունների մասին մտածում հայ ժողովուրդը, ոչ թե այս կամ այն նախագահը` Հայաստանից դուրս»:
Ռ.Կիրակոսյանը սա համեմատեց Հայոց ցեղասպանության ճանաչման հետ:
«Ճիշտ նույն կերպ ինձ չի հետաքրքրում, թե արդյոք ամերիկյան կառավարությունը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Մենք գիտե´նք, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել»,- ասաց նա: