ՀԱԿ-ը չի մասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին
168.am-ի ՀԱԿ աղբյուրները փոխանցում են, որ այստեղ որոշում է կայացվել չմասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: ՀԱԿ-ում հաշվել են, որ այս ընտրություններին իրենք ոչ միայն հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն, այլ ընդհակառակը՝ ի ցույց են դնելու իրենց թուլությունը և խայտառակվելու են: Ի տարբերություն 2009թ. Երևանի խորհրդի ընտրությունների, երբ ՀԱԿ-ը հանդես էր գալիս՝ որպես միակ ընդդիմություն և տարավ ընդդիմադիր ընտրազանգվածի քվեները՝ գրավելով երրորդ պատվավոր տեղը, այս ընտրություններում ՀԱԿ-ն ունենալու է առնվազն երկու լուրջ մրցակից, որոնք տանելու են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները:
ԱռաջինըԲՀԿ-ն է, որն, ի տարբերություն 2009 թվականի, երբ իշխանական կոալիցիայի անդամ էր, այսօր չլինելով կոալիցիայի անդամ, հանդես է գալիս՝ որպես կիսաընդդիմություն և ունի ՀԱԿ-ի հետ անհամեմատելի մարդկային, ֆինանսական և քարոզչական հնարավորություններ: Երկրորդը «Ժառանգությունն» է, որը չմասնակցեց 2009թ. ընտրություններին, թերևս, հաշվելով, որ այդ ընտրություններին մասնակցությունն իրեն ոչինչ չի տա: Այն ժամանակ «Ժառանգությունը» հայտարարեց, որ սատարում է ՀԱԿ-ին: Հիմա «Ժառանգությունն» ամենամեծ ընդդիմադիր ընտրազանգված ունեցող կուսակցությունն է, և իշխանությունից դժգոհ ընտրազանգվածի մի զգալի մասը կքվեարկի հենց «Ժառանգության» օգտին:
ՀԱԿ-ը, լավագույն դեպքում, կարող է պայքարել չորրորդ-հինգերորդ տեղի համար՝ այդ տեղի համար պայքարում մրցակցելով ՀՅԴ-ի հետ: Այդ տեղն ավելի ցածր կլինի, եթե ընտրություններին առանձին ցուցակով մասնակցի ՕԵԿ-ը:
Արդյոք ՀԱԿ-ն ի պատասխան «Ժառանգության» 2009թ. դիրքորոշման՝ կհայտարարի՞, որ սատարում է «Ժառանգությանը», և կոչ կանի՞ քվեարկել «Ժառանգության» ցուցակի համար: Նկատի ունենալով ՀԱԿ-ում «Ժառանգության» նկատմամբ ունեցած խանդն ու թշնամությունը՝ նման բան դժվար է ակնկալել: