Նարինե Մկրտչյան. ԸՕ-ի ընտրագրավին վերաբերող դրույթները հակասում են Սահմանադրությանը
Սահմանադրական դատարանը մարտի 5-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա գործը:
Դիմումատուն, ով ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին առաջադրված էր որպես թեկնածու, սակայն ԿԸՀ-ի կողմից չէր գրանցվել` 8 մլն դրամի ընտրագրավը չվճարելու պատճառով, ՍԴ-ում վիճարկում է Ընտրական օրենսգրքի ընտրագրավին վերաբերող դրույթների սահմանադրականությունը:
Գործով զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Հրանտ Նազարյանը և Վոլոդյա Հովհաննիսյանը: Որպես պատասխանող կողմ ներգրավված է Ընտրական օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:
Կողմերը սահմանված ժամկետում գործի առնչությամբ ՍԴ են ներկայացրել իրենց բացատրությունները:
ԱԺ-ն, մասնավորապես, նշել է, որ «ընտրություններին ձևական կամ պատահական թեկնածուների մասնակցությունը բացառելու նպատակով է գործում ընտրագրավը», ինչը «երաշխիք է, որ Նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: …Ինչ վերաբերում է առաջադրման նպատակով ստորագրությունների հավաքագրմանը, ապա այն ավելի բարդ գործընթաց է, և դրա իրականացումը ևս պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ»:
Այս դիտարկմանն ի պատասխան Նարինե Մկրտչյանն իր բացատրության մեջ նշում է. «Ընտրագրավը բնավ էլ թեկնածուի` հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը վայելելու երաշխիք չէ, այլ ընդամենը տվյալ թեկնածուի մոտ սահմանված չափի դրամական միջոցների առկայության փաստի արձանագրումը` դառնալով գույքային ցենզ և խախտելով գույքային խտրականության արգելման սահմանադրական նորմը: Ի վերջո, եթե հնարավոր թեկնածուն վճարում է այդ գումարը և չի հավաքում, ասենք, սահմանված 5 տոկոս ձայները, ապա դրանով նա չի դադարում, պատասխանողի տրամաբանությամբ, «ձևական» կամ «պատահական» լինելուց: Մինչդեռ ստորագրահավաքը իրապես հանդիսանում է տվյալ թեկնածուի` հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը վայելելու ինդիկատորն ու ապացույցը, քանի որ անկախ թեկնածուի տնօրինած ֆինանսական միջոցների չափից, քաղաքացին իր ստորագրությունը տալիս է այս կամ թեկնածուի օգտին կամավոր և այդպիսով ցուցաբերում իր սատարումը թեկնածուին»:
Ըստ պատասխանողի՝ «Ընտրագրավի ինստիտուտի վերացումը թույլ կտա ընտրություններին մասնակցել մեծաթիվ անձանց և ստանալ, օրինակ, անվճար եթերաժամից օգտվելու և այլ իրավունքներ: Թեկնածուների թվի ավելացումը կարող է հանգեցնել նաև վարչական դժվարությունների, պետական բյուջեից չհիմնավորված ծախսերի և, վերջապես, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության անկման»:
Մինչդեռ, ըստ դիմող կողմի՝ «նախ հարց է ծագում` ինչու անվճար եթերաժամը պետք է լինի սակավաթիվ, ընդ որում` ֆինանսական միջոցների տիրապետող անձանց մենաշնորհը, և, բացի այդ, հենց գրավի առկայությամբ է ընկնում հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, քանզի նրանք ընտրություն են կատարում միայն 8 մլն դրամ ունեցողների միջև: Այդ առումով ընտրագրավի այդ չափն ինքնին վերածվում է գույքային ցենզի, քանի որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձ է սահմանված 35 հազար դրամը, իսկ միջին աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, 114 հազար դրամ է, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը: Ընտրելու և ընտրվելու իրավունքը՝ անկախ անձի գույքային վիճակից, ընտրությունների հիմունքներից է:
Կողմերն իրենց բացատրություններում անդրադառնում են նաև ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածին, որով սահմանվում է նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները, և միջազգային փորձին:
Նարինե Մկրտչյանը պնդում է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածները, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունների «կամ օգտագործելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները» բառերը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: