Պաշտպանների բոյկոտ, կալանքների զանգվածային երկարաձգում. Արա Ռոստոմյանը կկարողանա այցելել որդու շիրիմին. Քաղաքական բեմականացման հերթական օրը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ, այսպես, կոչված «ահաբեկչության» գործով դատական նիստը:

Այս գործով բացի Բագրատ սրբազանից, կալանավորված են նաև Տավուշի թեմը ներկայացնող Լիդյա Մանթաշյանը, արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմի նահատակ Հակոբ Ռուստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը, գնդապետ Մախսուդյանը, այլ անձինք:

Բագրատ սրբազանն ու գործով անցնող մյուսները մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնազավթման մեջ։

Նախորդ դատական նիստում առաջարկվեց մեղադրյալների խափանման միջոցների միջնորդությունները քննել հերթով: Պաշտպաններն առաջարկեցին նախ քննարկել Լիդյա Մանթաշյանի, Արա Ռոստոմյանի, Միհրան Մախսուդյանի և Տիգրան Գալստյանի խափանման միջոցների փոփոխման հարցերը։

Կարդացեք նաև

Առաջինը քննարկվեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Դատավորը սակայն որոշեց՝ կալանքի հիմքերը չեն վերացել և սույն վարույթի այս փուլում այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել նրա պատշաճ վարքագիծը: Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը դատավոր Ֆարխոյանը երկարաձգեց 3 ամսով:

Դրանից հետո դատարանում իրավիճակը լարվեց, և Բագրատ սրբազանն իր պաշտպաններին արգելեց մանակցել «խափանման միջոց» անունը կրող ֆարսին՝ լրագրողներին կոչ անելով այս դատավարությունն այսուհետ կոչել «18 արդարների դատ»:

Այսօրվա դատական նիստի սկզբում պարզ դարձավ, որ պաշտպանների մեծ մասը չի ներկայացել դատական նիստին: Հանրային մեղադրողները դա խնդիր չհամարեցին, թոպետ դատապարտեցին պաշտպանների չներկայանալը, սակայն մեղադրյալներն ասացին՝ առանց իրենց պաշտպանների՝ խափանման միջոցի հարցը քննարկելը ողջամիտ չէ:

Հայտարարվեց 15 րոպե ընդմիջում. Միգուցե պաշտպանները ներկայանան:

Դատական նիստը վերսկսվեց, և պաշտպաննեչը նիստին, իհարկե, չներկայացան, որովհետև մինչ այդ հայտարարել էին, որ դատարանի բակում են ամբողջ կազմով, բայց բոյկոտում են ու չեն ներկայանալու դատական նիստին, քանի որ չեն համարում, որ օրենքի ուժով ստեղծված դատարան կա ներսում: Սակայն պաշտպանների բացակայությունը չխանգարեց, որ խափանման միջոցների հարցի քննությունն ընթանա:

Առաջինը քննվեց Բագրատ սրբազանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Բագրատ սրբազանը հանդես եկավ ծավալուն խոսքով:

Սրբազանի խոսքից անմիջապես հետո դատավոր Ֆարխոյանը նրա կալանքը 3 ամսով երկարաձգեց:

«Շնորհակալ եմ, որ կալանքս երկարաձգեցիք. Լիդյայից հետո ես գետնի տակը կմտնեի, եթե այլ խափանման միջոց ընտրեիք»,-ասաց Բագրատ սրբազանը:

Հաջորդիվ քննարկվեց Արման Իսրայելյանի խափանման միջոցի հարցը: Նրա կալանքը ևս երկարաձգվեց 3 ամսով:

Մինչ այդ Արթուր Սարգսյանը դատարանին խնդրել էր արագ ավարտըտել այս ֆարսը:

«Միանգամից ազգանունը կարդացեք, կալանքը տվեք, գնանք ՔԿՀ, կրթվենք. «Կրթվելը նորաձև է»,-ասաց նա:

Հաջորդիվ քննվեց Վահագն Չախալյանի խափանման միջոցի հարցը:

«Նիկոլին բացատրեք՝ փուչիկն ինչքան էլ մեծ փչի, օդապարիկ չի դառնալու: Իմ հայացքները հակաիշխանական չեն, իշխանությունն է հակահայկական»,-ասաց նա:

Վահագն Չախալյանի կալանքը նույնպես դակվեց՝ երկարաձգվեց 3 ամսով:

Դրանից հետո հայտաարվեց ընդմիջում. Հավանաբար դատավորն ու դատախազները հոգնեցին նույն բանը կրկնելով:

Ընդմիջումից հետո քննվեց 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոցի հարցը:

«Ես որևէ բան չեմ արել, ինձ ասում եք՝ տեռորիստ, 5000 հոգի սպանածին ի՞նչ անուն կտաք»,-ասաց նա:

Զարմանալիորեն դատավոր Ֆարխոյանը նրա բանտային կալանքը փոխարինեց եռամսյա տնային կալանքով՝ թւյլ տալով նաև շաբաթը 2 անգամ հսկիչների ուղեկցությամբ այցելել Եռաբլուր՝ որդու շիրիմին:

Հաջորդը պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցն էր:

«Հիմա ես бой եմ տալիս, ամեն օր бой եմ տալիս, որ այս իշխանության դեմ գոյատևեմ, տեռորի՞ստ եմ…Բոլորդ պատասխան եք տալու Աստծո առաջ, ժողովուրդ, չեք կարա ասեք՝ ասել են, արել ենք: Մարդկանց զրկել եք իրենց երեխեքից ու ծնողներից: Չարածի համար չի կարելի պատժել, ամեն ինչը փոխվելու է: Քաղաքապետ եմ եղել, կալանավորվել եմ, դուրս եմ եկել, դարձել եմ պատգանավոր, հիմա էլի կալանավորվել եմ, բայց ճակատս պարզ է: Էս պայքարը մեր հայրենիքի, հողի, արժանապատվության համար է: Բոլորդ պատասխան եք տալու: Ճակատս պարզ է. պատերազմի ժամանակ թուրքերից չեմ փախել, էս անողնաշարներից հաստատ չեմ փախչի»,-ասաց Արթուր Սարգսյանը:

Նրա խափանման միջոցը նույնպես երկարաձգվեց 3 ամսով:

Հաջորդը Արսեն Ղազարյանի հերթն էր:

«Ես գաղթականի թոռ եմ, հիմա մեղադրվում եմ հայրենիքս ու սրբազաններին սիրելու համար: Դուք էլ երեխեք ունեք. ես արդարացվելու եմ, բայց երեխեքիս ո՞նց եք պատասխան տալու: Եկեղեցին իմ տունն է, իմ անձնական սրբությունը: Ցանկացած հայ պարտավոր է կյանքի գնով պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին»,-ասաց Արսեն Ղազարյան՝ հավելելքվ՝ ամենամեծ տեռորիստներն այն «խուժան բլոգերներն» են, ովքեր պառակտում են մտցնում մեր ժողովրդի մեջ, ինչը նախկինում չի եղել:

Արսեն Ղազարյանի կալանքը նույնպես երկարաձգվեց 3 ամսով:

Հայտարարվեց ընդմիջում, ինչից հետո դատական նիստը, պայմանավորված աշխատանքային ժամի ավարտով, հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ 14.30-ին:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:

Ինչպես հետո պիտի պարզվեր, անհերքելի ապացույցները հերքելի էին, և մասնավորապես հրապարակված ձայնագրությունները՝ մոնտաժված, ինչպես պնդում էին Բագրատ սրբազանն ու մեղադրյալների պաշտպանները:

Նախաքննության ավարտից հետո մասնավորապես Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը սկսեց հատվածաբար հրապարակել աղմկահարույց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակները, և Քննչական կոմիտեի ու դատախազության փչած փուչիկը պայթեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս