Բաժիններ՝

«Ի՞նչ ենք մենք անում մեր երիտասարդներին կրթելու համար. ոչի՛նչ, ինչ տալիս ենք՝ այն էլ ընդունում են»

Ասում է ռեժիսոր Արտակ Ավդալյանը

Ռեժիսոր Արտակ Ավդալյանի «Հովիվը» ֆիլմը մարտի 3-ից կցուցադրվի ԱՄՆ-ում: Ֆիլմը պատմում է 10-րդ դարի հանճարեղ աստվածաբան, միստիկ փիլիսոփա, բանաստեղծ սբ. Գրիգոր Նարեկացու վարքի մասին: Նկարահանման աշխատանքները սկսվել են 2010թ. և ավարտվել՝ 2012թ.: Նկարահանումները տեղի են ունեցել Արևմտյան Հայաստանի Վանա լճի մոտ գտնվող Նարեկ գյուղում, նրա մոտակայքում գտնվող քարայրներում, ուր ճգնել է Գրիգոր Նարեկացին: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին ցուցադրվել է անցյալ տարի:

– Պարոն Ավդալյան, ինչո՞ւ որոշեցիք հենց Նարեկացու մասին ֆիլմ նկարահանել:

Film-Narekaci (4)– Երբ մենք Հռոմում ֆիլմ էինք նկարահանում, հանդիպեցինք մի հոգևորականի, ում հետ զրույցում շատ ընդհանրություններ գտանք: Շատ հարցեր կային, շատ գաղափարներ, որոնց շուրջ միակարծիք էինք: Անգամ նկարահանումից հետո, երբ մենք արդեն Հայաստանում էինք, կապը շարունակվում էր սրբազանի հետ: Մոտ մեկ տարի համացանցով շփվելուց, կարծիքներ ու մտքեր փոխանակելուց հետո, սրբազանն ասաց, որ ցանկանում է Արևմտյան Հայաստան գնալ և Նարեկա վանքը տեսնել: Ես ասացի, որ հնարավոր չէ. թուրքերն այն ավերել են, անգամ հետքը չկա: Առաջարկեցի վանքը 3D ձևաչափով վերականգնել իր համար, եթե նա ցանկանա: Պայմանավորվեցինք, ապա Հայաստանում հանդիպեցինք: Նա իմ սեղանին մի նյութ դրեց, խնդրեց ծանոթանալ: Նյութը Նարեկացու մասին էր, այն կինոսցենար չէր: Գյումրեցի մի տղա էր նյութի հեղինակը:

Կարդացի, կապվեցի սրբազանի հետ, և նա առաջարկեց ինձ ֆիլմ նկարահանել, հիմքում՝ գրված նյութը: Կապվեցի հեղինակի հետ, պայմանավորվեցինք, հանդիպեցինք, ու գրված նյութը հիմք ընդունելով՝ գրեցինք նոր կինոսցենար: Այնուհետև սկսեցինք աշխատանքները: Իհարկե, արված աշխատանքը էքշն ֆիլմ չէ, Նարեկացու մասին էքշն ֆիլմ նկարահանելը հեշտ բան չէ, ես չեմ համարձակվի: Մեր ֆիլմի հիմքում ավանդապատումներն են, հրաշքները, որ հայ ժողովուրդը վերագրել է Նարեկացուն ու Նարեկին: Ինձ համար շատ հետաքրքիր ու հաճելի է, երբ մարդիկ ֆիլմը դիտելուց հետո սկսում են Նարեկ կարդալ:

Film-Narekaci (6)

– Ֆիլմում Նարեկացու կերպարը կերտել է դերասան Արթուր Կարապետյանը, ինչո՞ւ ընտրեցիք հենց նրան:

– Գլխավոր հերոսի ընտրության հարցում երկար չեմ մտածել: Միանգամից պարզ էր, որ Արթուր Կարապետյանն է մարմնավորելու Նարեկացու կերպարը, սակայն այդ համոզմունքը չխանգարեց, որպեսզի ես էլի մարդկանց առաջարկեի փորձել խաղալ: Բայց որքան էլ փորձեցինք, միևնույն է Արթուրը հենց այն դերասանն է, ով լիարժեք կարողացավ կերտել այդ կերպարը: Վստահ եմ, որ նրանից հետո, այլ դերասաններին Նարեկացու կերպար մարմնավորելը բավական դժվար կլինի:

Film-Narekaci (1)– Ֆիլմը մեծ էկրաններին ցուցադրվեց անցյալ տարի: Արձագանքներն ինչպիսի՞ն էին, և ինչո՞ւ ցուցադրություններն այդքան կարճ տևեցին:

– Ֆիլմի շուրջ խոսակցությունները շատ էին, հիմնականում՝ դրական, ոգևորող: Բայց այդ շրջանում այնքան շատ հայկական ֆիլմեր կային, որ կինոթատրոնում հերթ էր գոյացել: Հնարավոր չէր երկու դահլիճ միաժամանակ տրամադրել հայկական ֆիլմերին, ուստի այլևս չցուցադրեցինք: Սակայն այն կարճ ժամանակը, երբ ֆիլմն էկրանին էր, մեծ լսարան հասցրեց հավաքել:

– Ինչո՞ւ հեռուստատեսությամբ ֆիլմը ցուցադրվեց ընդամնենը մեկ անգամ:

– Դա մեր հեռուստաընկերությունների խնդիրն է: Նրանք կարող են գնալ դուրս, այնտեղից բավական թանկ գներով ֆիլմեր ձեռք բերել և ցուցադրել հայ հանրությանը, բայց, չգիտես՝ ինչո՞ւ, տեղի արտադրողին չեն աջակցում: Եթե համաձայնում էլ են ցուցադրել, ապա՝ շատ էժան գնով. կոպեկներ են վճարում աշխատանքի համար: Ես պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության նվիրել իմ աշատանքը, բայց երբ տեսնում եմ, թե ի՞նչ գումարներով, ի՞նչ աշխատանքներ են դրսից բերվում՝ հասկանում եմ, որ չեմ ցանկանում իմ ֆիլմերն իրենց նվիրել:

Իսկ ինչ վերաբերում է մեր աշխատանքների հանդեպ հանրության հետաքրքրությանը, ապա վստահաբար կա հետաքրքրություն: Չգիտես, թե ինչ գաղափարախոսություն են որդեգրել մեր հեռուստաընկերությունները: Այ դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: Մենք այսօր ոչ մի նորմալ հեռուստաալիք չունենք: Բոլորս բողոքում ենք, թե մեր երիտասարդությունը փչանում է, դեգրադանում է, խոսում են սերիալային բառապաշարով: Բայց ինչ տալիս ենք՝ այն էլ ընդունում են: Մի հարց պետք է տանք մեզ՝ ի՞նչ ենք մենք անում մեր երիտասարդներին կրթելու համար. ոչի՛նչ: Մենք ուղղակի շարունակում ենք նկարահանել, ցուցադրել այն, ինչը մեր երիտասարդներին կործանման է տանում:

Film-Narekaci (3)

– Թեև այստեղ Ձեր աշխատանքները հաճախ չեն ցուցադրվում, բայց դրսում ցուցադրություններ լինում են: Գիտեմ, որ մարտի 3-ից «Հովիվը» ֆիլմը ցուցադրվելու է ԱՄՆ-ում: Ձե՞ր նախաձեռնությունն էր:

– Նախ նշեմ, որ մենք մեր ֆիլմերը չենք վաճառում: Մենք դրանից գումար աշխատել չենք ցանկանում: Ուղղակի ցանկանում ենք, որ հասարակության մի լայն զանգված տեղյակ լինի մեր մշակույթից, մեր պատմությունից: Այստեղ՝ Երևանում, ֆիլմը ցուցադրելուց հետո, այն ցուցադրեցինք նաև Գյումրիում: Այնուհետև կապվեցինք մեր դրսի ընկերների հետ, տեղեկացրեցինք մեր նոր աշխատանքի մասին և առաջարկեցինք «Հովիվը» ֆիլմը ցուցադրել նաև ԱՄՆ-ի մի շարք նահանգներում: Մեր աշխատանքի հաջողությունը երևի այն է, որ մենք կոմերցիոն ֆիլմեր չենք նկարահանում: Պարզապես մեր նպատակը մեր ազգի մշակույթը, դարերի արվեստը, պատմությունն ու հայրենիքի գաղափարն աշխարհին ցույց տալն է: Մենք այս ոլորտում շատ անելիքներ ունենք: Մենք ինքնաճանաչման և օտարին մեր մշակույթը ցույց տալու խնդիր ունենք:

– Ինչպես «Հովիվը» ֆիլմը, այնպես էլ Ձեր աշխատանքների մեծ մասը նկարահանվում են Արևմտյան Հայաստանում: Ինչպե՞ս եք այդքան թույլտվություններ ձեռք բերում: Գիտեմ, որ այնտեղ նկարահանումներ անցկացնելու համար հատուկ թույլտվություն է հարկավոր:

Film-Narekaci (5)– Շատ հանգիստ: Վերցնում ենք մեր տեխնիկան, ընկերներին ու ճանապարհ ենք ընկնում: Բազմաթիվ անգամ մեզ կանգնեցրել են, բազմաթիվ անգամ ժանդարմները մեզ վրա զենք են ուղղել, բայց մենք, միևնույն է, իրականացրել ենք նկարահանման աշխատանքները: Նկարահանել ենք ու նկարահանելու ենք: Ես արմատներով Մշեցի եմ, եթե պետք է լինում, նաև մշեցու կողից եմ տալիս:

Ես այնտեղ ինձ օտար չեմ զգում: Ես գնում եմ իմ երկրից՝ էներգիա ստանալու, նորից ու նորից լիցքավորվելու: Ես ամեն անգամ ցավ եմ ապրում իմ երկիր գնալիս, ցավ եմ ապրում, որ մեր պատմական արժեքները ժամանակի ընթացքում թուրքը հողին է հավասարեցնում, ոչնչացնում է: Ես համարում եմ, որ իմ երկիրը հիմա գերության մեջ է, բաց դա երկար չի տևի, մենք դա մի օր հետ ենք վերադարձնելու: Ես գնում եմ Արևմտյան Հայաստան՝ մեր երկրի մի փոքրիկ մասունքը հայերին ներկայացնելու համար: Գալիք աշխատանքներից մեկը ևս նվիրված է արևմտյան Հայաստանին, նրա պատմությանը: Իմ աշխատանքներում ամեն կերպ փորձում եմ անդրադառնալ մեր կորսված հայրենիքին, մեր ցավին ու ուրախությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս