Բաժիններ՝

«Ժապավենից թվայինի անցման արդյունքում լուսանկարչությունը չի տուժել»

Լուսանկարիչ Նիկոլաս Կույումջյանն, արդեն երկու տարի է՝ լուսանկարչությամբ է զբաղվում։ 168.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է սկսել զբաղվել լուսանկարչությամբ. «Ընկերներիցս մեկը, ով շուտվանից զբաղվում էր լուսանկարչությամբ, 2010թ. ամռանը Կանադայից Երևան էր ժամանել։ Վերնիսաժում էինք, երբ խնդրեցի ֆոտոխցիկը փորձելու համար տրամադրել ինձ: Լուսանկարչությունից բան չէի հասկանում, այսպես ասած՝ «automatic»-ի վրա մի քանի կադր խաչքար նկարելուց հետո, երբ ընկերս տեսավ նկարներս, հարցրեց, թե ինչ-որ տեղ պարապե՞լ եմ, թե՞ ոչ: Բնականաբար, պատասխանեցի՝ «ոչ», ապա խրախուսեց՝ ասելով` «Մեջդ տաղանդը կա…»:

4– Ընդհանրապես ի՞նչ եք սիրում նկարել: Շատ տարբեր բաներ եք նկարում, կա՞ ինչ-որ բան, որն ամենաշատն եք սիրում լուսանկարել:

– Ամեն ինչ էլ սիրում եմ նկարել, բայց ավելի շատ այն կադրերը, որոնք, ենթադրում եմ, որ նկարը նայողին ժպիտ են պարգևելու: Այդ պատճառով լուսանկարչությունս ուղղեցի հարսանիքների թեքումով, ինչը ժամանակի ընթացքում դարձավ անձնական բիզնես:

Շատ եմ սիրում նաև գիշերային երկնքի, տիեզերքի և մոլորակների լուսանկարչությունը, ինչը շատ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի իրականացնել։ Չգիտեմ՝ ի՞նչ ոճ կոչեմ իմ որդեգրած ոճը, բայց ձգտում եմ պարզին ու դասականին, ինչպես երևում է վեբ-կայքիս դիզայնից (www.achtenburg.am):

– Ի՞նչ գույների հետ եք սիրում աշխատել:

– Գունային ընտրանքի առավելությունը տալիս եմ նկարելու պահին։ Եթե ժպիտ ու խինդ կա, ապա վառ գույներն եմ ընտրում, եթե խորհրդավոր պատկեր է` ավելի մուգ կամ խամրած տարբերակն եմ ընտրում:

– Թվայի՞ն, թե՞ ժապավենային ֆոտոխցիկով եք նկարում:

– Իհարկե, թվային:

– Ի՞նչ եք կարծում, ժապավենից թվայինի անցման արդյունքում լուսանկարչությունն ինչ-որ բան կորցրե՞լ է:

– Չնայած այն փաստին, որ ժապավենը թե՛ գնով, թե՛ որակով (որակ՝ համեմատած թվային ֆոտոխցիկի փոքր սենսորների հետ) գերազանցում է թվայինին, մյուս կողմից էլ` թվայինը խնայում է ժամանակ, տալիս է չափազանց արագ լուծումներ և ստեղծագործելու շատ ավելի պոտենցիալ և հորիզոններ, չհաշված, որ այսօր արդեն չկան կամ հազարից մեկ լինեն ժապավեններ մշակողներ: Մի խոսքով, իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ժապավենից թվայինի անցման արդյունքում լուսանկարչությունը բան չի կորցրել, հակառակը՝ շահել է:

7

 

 

 

 

 

– Photoshop ծրագրին ինչպե՞ս եք վերաբերվում: Դուք անձամբ շա՞տ եք դիմում այդ ծրագրի օգնությանը:

– Շատերին պարզ է, որ ցանկացած թվային SLR-DSLR ֆոտոխցիկ ունի իր մեջ գունային-ժանրային լուծումներ տալու ֆունկցիաներ, բայց այդ ֆունկցիաները շատ խեղճ են Photoshop ծրագրի ունեցած հնարավորությունների համեմատ: Իսկ դրա կիրառությունը լուսանկարչության ասպարեզում, որքան նկատել եմ, վիճելի է լուսանկարիչների մեջ՝ ելնելով նրանց որդեգրած տարբեր ժանրերից:
Կան լուսանկարիչներ, ովքեր նախընտրում են բոլոր կադրերը ստանալ միայն ֆոտոխցիկով՝ առանց դիմելու օժանդակ համակարգչային ծրագրերի, և կան լուսանկարիչներ, որոնց գործերում մեծ դեր է խաղում Photoshop-ը (եթե ոչ՝ ամբողջովին):

Ես անձամբ օգտվում եմ Lightroom-ից, բայց առավելագույնս փորձում եմ միայն գունային լուծումներ տալ: Բայց ֆոտո-ստուդիան բացելուց հետո Photoshop-ի կարիքը, ճիշտն ասած, զգացվում է, և վերջերս դիմում եմ նրա օգնությանը:
Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս եմ վերաբերվում նման ծրագրին, կարող եմ ասել. որ լրիվ համամիտ եմ և բաց այս 2 տեսակետների առջև: Ենթադրում եմ, որ կարևորն այն է, որ վերջում նկարը նայելուց ժպտան կամ հիանան, կամ թեկուզ հուզվեն` անկախ նրանից` Photoshop ներառվե՞լ է, թե՞ ոչ:

8– Նյութն ինչպիսի՞ն պետք է լինի, որ գրավի Ձեզ, և լուսանկարեք այն:

– Այս 2 տարվա ընթացքում նյութի վերաբերյալ ստեղծել եմ ինձ համար լրիվ սուբյեկտիվ, օժանդակ եզրահանգումներ:

1. Անգլերեն արտահայտություն կա՝ «actions speak louder than voice».
կան կադրեր, որոնք, անկախ իրենց լուսային լուծումներից, հաջող կադրեր են համարվում: Օրինակ՝ մարդու դեմքի արտահայտությունը սուրճը թափելիս, ամպի ընդունած եզակի ձևը, և այլն:

2. Կան պահեր, որոնք պազապես պետք է հիշատակել: Օրինակ՝ նորածին երեխա, սիրահարված զույգեր, պսակադրություն, նաև բնություն, արևամուտ, աստղեր և այլն, որոնք ինչ-որ չափով կախված են լուսային ճիշտ լուծումներից:

3. Կա բացառիկ և բացարձակ իդեալական լուսավորություն, ինչի ներքո ցանկացած բան՝ լինի բաժակ, մոխրաման, միջատ, մարդ կամ կենդանի նկարվի, սիրուն և աչքին հաճելի է նայվելու, այսպես ասած՝ հաջող կադր է լինելու: Այստեղ լուսավորությունն ինքն է պարտադրում նյութը: Ցանկացած նյութ պիտանի է նկարելու, եթե բավարարում է այս 3 հանգամանքներից առնվազն մեկին:

– Ի՞նչ եք կարծում` լավ տեխնիկա ունենալը բավարա՞ր է լուսանկարիչ դառնալու համար:

– Ե՛վ այո, և՛ ոչ։ Պարզ է, որ որքան թանկանում է տեխնիկան, այնքան որակ և այլ հնարավորություններ է խոստանում, բայց արի ու տես, որ կան հրաշալի կադրեր՝ արված անգամ բջջային հեռախոսի ֆոտոխցիկով: Մնում է լավ տիրապետել ֆոտոխցիկի ֆունկցիաներին։

-Ձեր լուսանկարները վաճառո՞ւմ եք: Ի՞նչ եք կարծում` լուսանկարչությունը շահութաբե՞ր աշխատանք է:

– Լուսանկարներ վաճառում եմ, բայց ավելի շատ նվիրում եմ (ժպտում է.- Գ.Ա.)։
Ինչ վերաբերում է` շահութաբե՞ր է, թե՞ ոչ, ապա կասեմ, որ Հայաստանում շատ են տաղանդավոր լուսանկարիչները, ինչը հետևաբար բերում է մրցակցության, ինչպես նաև՝ նմանատիպ աշխատանքի տարածվածության և էժանության: Բայց եթե այլ կողմից դիտարկենք, ապա սա մի մասնագիտություն է, որն ունի տարբեր ոճեր, հայացքներ և ճաշակ, հետևաբար՝ ցանկացած լուսանկարիչ ունի իր ստեղծած ոճի համապատասխան հանդիսատեսը, կամ, այլ կերպ ասած՝ շուկան, և որքան յուրահատուկ և տարբերվող է՝ այնքան թանկ ու գնահատված է:

9 2 3 5 6

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս