«Հարսնաքարի» գործով պաշտպանը միտու՞մ է տեսնում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Նիստի ընթացքում հրապարակվեցին գործով տուժողներ Արտակ Բայադյանի, Արկադի Աղաջանյանի, Գարիկ Սողոմոնյանի և մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի Սողոմոնյանի ճանաչման արձանագրությունները: Մեղադրյալների պաշտպանները նշեցին, որ ճանաչման արձանագրությունները տեսանկարահանվել և ներբեռնվել են համացանց ոստիկանության կողմից: Մեղադրող Արթուր Դավթյանը նշեց, որ տեսանկարահանում չի իրականացվել, հակառակ դեպքում դրա մասին նշված կլիներ ճանաչման արձանագրությունում: Պաշտպանական կողմը խոստացավ դատարան ներկայացրել այդ տեսանյութերը:
Ճանաչման արձանագրությունների հրապարակման արդյունքում պարզ դարձավ, որ տուժող կողմը հիմնականում ասել է, որ մեղադրյալներին տեսել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դեպքի օրը, իրենց հարվածող անձանց մեջ, սակայն տուժողները դժվարացել են կոնկրետացնել`ում են հարվածել մեղադրյալները: Պաշտպանական կողմը նշեց, որ դեպքի վայրում գտնվելը չի նշանակում, որ ամբաստանյալները ոտնձգություն են կատարել տուժողների նկատմամբ: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ծնվել է 1976-ին, սակայն նրա հետ ճանաչման էին ներկայացվել 1991, 1996 և 1985-ին ծնված անձինք: 168.am-ի հարցին`արդյոք սրանում պաշտպանը միտում է տեսնում, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Միտում տեսնում եմ այնքանով, որ երբ Նորայր Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, հարցրել` ինչի համար են իրեն հարցրել, այդ պահի դրությամբ իր վերաբերյալ բացարձակապես տվյալ չի եղել, սակայն ձերբակալել էին այս հոդվածով: Դրանից հետո, բնականաբար, ամեն ինչ պետք է անեին հիմնավորելու համար»: