Լևոն Զուրաբյանը պարզաբանում է
Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակին պատարագ էր մատուցվում, լրագրողների հետ զրույցում Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը պարզաբանեց, թե ի վերջո ինչո՞ւ իրենք կոչ արեցին ՀԱԿ համակիրներին մարտի մեկին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ ու միանալ այդ ժամին նույն վայրում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին:
«Ուզում եմ պարզություն մտցնենք: Մենք նախատեսել էինք մեր ավանդական հանրահավաքը, դեռ 30 օր առաջ դիմել էինք, իրազեկել: Քանի որ մարտի մեկից երեք օր առաջ պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է հանրահավաքի համար հենց Մյասնիկյանի արձանի մոտ, ստացվում էր մի խաչաձևում. երկու հանրային միջոցառում իրար խանգարում էին, բայց միաժամանակ ստացվեց այնպես, որ սրանք միջոցառումներ էին միևնույն գործի համար:
Մեզ համար կարևոր է ժողովրդի միասնությունը, իսկ տվյալ դեպքում միջոցառումները կբաժանեին ժողովրդի երկու մասին: Եվ մենք անմիջապես չեղյալ համարեցինք մեր հանրահավաք-երթը, կոչ արեցինք ժողովրդին միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպված հանրահավաքին, որը պետք է կայանար Մյասնիկյանի մոտ ժամը 5-ին: Բայց մեզ համար դեռևս ոչ պարզ պատճառներով այդ հանրահավաքը տեղ չունեցավ»,- ասաց Լ. Զուրաբյանը:
168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանրահավաքի հետաձգումը որևէ կերպ կապվա՞ծ է ՀԱԿ-ի որոշման հետ (նշենք, որ Ր.Հովհաննիսյանի հանրահավաքը մարտի 1-ից տեղափոխվեց մարտի 2-ը)։ Այս հարցին ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանն ասաց. «Ես չգիտեմ: Հանրահավաքի կասեցման կամ չկայացման պատճառաբանությունը պետք է հարցնել դրա կազմակերպիչներից։