Ջորջ Բուշ-կրտսերի ու Միխեիլ Սաակաշվիլիի դեմ Թբիլիսիում մահափորձ ձեռնարկած հայի դատավճիռը չի վերանայվի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի դեմ ահաբեկչական փորձ ձեռնարկելու համար Վրաստանում ազատազրկված Վլադիմիր Հարությունյանի գործը չի վերանայվի: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նրա մայր Անժելա Հարությունյանը՝ վկայակոչելով Արդարադատության նախարարությունից ստացած նամակը:
Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 2005 թվականի մայիսին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Ջորջ Բուշ-կրտսերի դեմ մահափորձ ձեռնարկելու համար: 2005 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիի «Ազատության» հրապարակում հավաքվածների առջև Վրաստանի ու ԱՄՆ-ի նախագահների ելույթի ժամանակ անհայտ անձը ինքնաշեն եղանակով պատրաստված պայթուցիկը նետել էր նախագահական ամբիոնի առջև:
Ավելի ուշ պարզվել էր, որ դրա հեղինակը Թբիլիսիի բնակիչ Վլադիմիր Հարությունյանն է: Նրան ձերբակալելու հատուկ օպերացիան անցկացվել էր նույն թվականի հուլիսի 25-ին, սակայն Հարությունյանը դիմադրություն էր ցույց տվել և սպանել էր Վրաստանի ՆԳՆ-ի հակահետախուզական բաժնի պետ 37-ամյա Զուրաբ Կվլիվիձեին:
Ապա Հարությունյանի դեմ ներկայացվելեն մի շարք մեղադրանքներ՝ «Վրաստանի ու ԱՄՆ-ի նախագահների դեմ մահափորձի ձեռնարկում», «միտումնավոր սպանություն», «ապօրինի ճանապարհով հրաձգային զենքի կրում ու կիրառում»: Ավելի ուշ Հարությունյանն ընդունում է իր մեղքը և դատապարտվում է ցմահ ազատազրկման:
Այս տարվա հունվարի 4-ին Անժելա Հարությունյանը դիմել էր Վրաստանի արդարադատության նախարարություն՝ խնդրելով վերանայել իր որդու գործը: Դրա պատասխանը ստացվել է փետրվարի 4-ին, նամակում նշվել է, որ տվյալ դատավճիռն օրինականորեն մտել է ուժի մեջ և ներկա դրությամբ ի հայտ չի եկել որևէ նոր հանգամանք և հետևաբար գործը չի վերանայվելու: Անժելան հայտարարել է, որ նույն հարցով դիմելու է տարբեր գերատեսչությունների: