Ինչո՞ւ են պետական «գանձերը» վաճառվում ջրի գնով
ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում որոշում է ընդունելու՝ թույլատրելով, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմը իր տնօրինության տակ գտնվող 107 միավոր հիմնական միջոցները, սակավարժեք և արագամաշ առարկաները օտարի դասական աճուրդով:
Նշենք, որ դրանք հիմնականում համակարգիչներ և մոնիտորներ են՝ հին մոդելի՝ ֆիզիկապես և բարոյապես մաշված։ Ասենք՝ Pentium 3 համակարգիչներ, որոնք այսօր դանդաղ են համարվում անգամ տեքստ հավաքվելու համար։
Ըստ այդմ՝ դրանց համար սահմանվել են բավականին ցածր աճուրդային գներ՝ սկսած 3500 դրամից։ Օրինակ՝ 2000 թվականին արտադրված P3 համակարգչի գինը սահմանվել է 6400 դրամ։ Ցանկացած համակարգչային մասնագետ կասի, որ խելքին մոտ թիվ է, անգամ՝ իրական արժեքից ավելի բարձր։
Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Այս գների հետ հնարավոր կլիներ համաձայնել, եթե համակարգիչները օտագործված չլինեին Ազգային վիճակագրական ծառայությունում։ Ի՞նչ կապ ունի սա։ Ամենաանմիջական։
Օրինակ՝ պատկերացնո՞ւմ եք, թե 2000 թվականից ի վեր օգտագործվող համակարգիչների օգնությամբ հայրենի վիճակագիրները որքան զեկույցներ են հրապարակել։ Եվ ամենակարևորը՝ երկնիշ աճի մասին վկայող զեկույցներ։ Այսինքն՝ այդ համակարգիչները ՀՀ տնտեսության «ոսկե ժամանակաշրջանի» անմիջական մասնակիցներն են։ Եվ այդ իմաստով՝ նրանք պատմական արժեք են ներկայացնում։ Այնպես որ, դրանք պետք է լինեին ոչ թե մի քանի հազար դրամ, այլ՝ մի քանի հազար դոլար։
Պատկերավոր ասած՝ ԱՎԾ-ի համակարգիչները նման են այն վրձիններին, որոնցով նկարել են, օրինակ, Վան Գոգը կամ Պիկասոն։ Ճիշտ է, դրանք բուն նկարների չափ չեն արժենա, սակայն ջրի գնով էլ հաստատ չեն վաճառվի։