Ռազմիկ Դավոյանի սարսափազդու կանխատեսումը. մամուլ
««Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ականջները կքաշի, այլ հայ ժողովրդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտության պատճառով»,- մեզ տված հարցազրույցում նման սարսափազդու կանխատեսում է արել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Հայ ժողովրդի ականջները քաշելու՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի ցանկությունը մտավորականը բացատրել է նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե նա շտապել է շնորհավորել Սերժ Սարգսյանին: Եվ ընդհանրապես, Ռազմիկ Դավոյանի հարցազրույցը չափազանց հետաքրքիր ելևէջներ է պարունակում: Օրինակ՝ թղթակցի հարցին՝ թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած հինգ տարիները բավարար չե՞ն արդյոք՝ նրա գործունեությունը բացասական գնահատելու համար, Ռազմիկ Դավոյանը պատասխանել է. «Նախորդ հինգ տարիները նախորդ տասը տարիների հասցրած վերքերը ապաքինելու ժամանակ էր: Տասը տարիներ էլ ասում եմ, դրա մեջ մեկ-երկու տարում այնպիսի վնասներ են հասցվել մեր ժողովրդին, որ այդ վերքերը ապաքինելը սարսափելի դժվար էր…»:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարած 5 տարիներին նախորդող 10 տարիները Ռ. Քոչարյանի պաշտոնավարության շրջանն է: Ի դեպ, Ռազմիկ Դավոյանը 4 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ խորհրդականներից մեկը և երբևէ, ակնարկ անգամ չի արել այդ «վերքերի» մասին»: