ՀԱԿ-ը կհամաձայնեցնի «Ժառանգության» հետ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր համակիրներին կոչ է անում մարտի 1-ին Ազատության հրապարակի փոխարեն՝ հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ, սակայն հանդիպման ժամը դեռ հայտնի չէ: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց, որ դա պարզ կլինի, երբ հստակեցվի «Ժառանգության» հանրահավաքի ժամանակացույցը:

«Մենք իրենց ոչինչ չենք առաջարկում և ոչինչ չենք համաձայնեցնում իրենց հետ: Մեր դիրքորոշումը պարզապես սա է. որպեսզի նույն թեմայով երկու միջոցառում չլինի, այն էլ՝ մարտի 1-ի զոհերի թեմայով, մենք արել ենք այդ հայտարարությունը»,- ասաց Արամ Մանուկյանը: ՀԱԿ վերանվանված ՀՀՇ-ի նախկին նախագահ Արամ Մանուկյանից ճշտեցինք՝ փաստորեն, ձեր կողմնակիցներին կոչ եք անում հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ այն նույն ժամին, երբ հավաքված կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրնե՞րը: Արամ Մանուկյանը դրական պատասխան տվեց: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ մինչև հայտարարության տարածումը «Ժառանգության» հետ նախօրոք որևէ պայմանավորվածություն չի եղել:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն այսօր՝ ժամեր առաջ տարածած հաղորդագրությամբ, չեղյալ էր հայտարարել մարտի 1-ին նախատեսված հանրահավաքն Ազատության հրապարակում և դրան հաջորդելիք երթը՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը: Իր անդամներին և համակիրներին ՀԱԿ-ը կոչ է արել միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը դեռ փետրվարի 1-ին էր ի գիտություն ընդունել ՀԱԿ-ի իրազեկումը՝ մարտի 1-ին, ժամը 16:00-23:00-ն Ազատության հրապարակում հավաք, և հավաքի ընթացքում՝ ժ. 20:00-ին, Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոց-Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածք-Իտալիայի փողոց-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Փետրվարի 25-ին էլ քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն էր ընդունվել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը ՝ մարտի 1-ին, ժամը 17:00-19:45 Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Արմեն Մարտիրոսյանը 168.am-ին ասաց, որ ՀԱԿ-ի վերոնշյալ հայտարարության մասին տեղեկացել է մամուլից, և նշեց, որ մինչ այդ ՀԱԿ-ի հետ որևէ քննարկում և համաձայնություն չի եղել այդ թեմայով: Նա ասաց, որ, փաստորեն, նշյալ հայտարարությունը միջոցառումը միասին անելու առաջարկ է, որը կուսակցությունը պետք է քննարկի: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ միասնական միջոցառում անելու առաջարկով հանդես չեկավ «Ժառանգությունը», քանի որ ՀԱԿ-ն ավելի վաղ էր ներկայացրել իրազեկումը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, իր որոշումներն ինքնուրույն է ընդունում, «Ժառանգությունը» կամ, այս դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր որոշումներն ինքնուրույն է իրականացնում: Այնպես որ, այստեղ որևէ խնդիր պետք չէ փնտրել, ամեն մեկն իր քաղաքական օրակարգն ունի, և ամեն մեկն իր քայլերն ըստ իր նպատակահարմարության է որոշում»: Նա նշեց, որ տեղեկանալով, որ ՀԱԿ-ը միջոցառում է անելու Ազատության հրապարակում, ընդամենը գործընկերներին չխանգարելու համար Մյասնիկյանի արձանին հարող տարածքն են հայտում նշել, ընդ որում՝ այնպիսի ժամ են նշանակել, որը չի խանգարի երթին:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գևորգյանը 168.am-ին տեղեկացրեց, որ քաղաքապետարանը երկու իրազեկումն էլ ի գիտություն ընդունելիս հաշվի է առել միջոցառումների անցկացման ժամանակացույցը: «Մեկը մյուսին չի խոչընդոտում և չի խանգարում: Ամեն ինչ հաշվարկված է և տրամաբանական: Եթե տեսնեինք, որ իրար խանգարում են, կառաջարկեինք փոփոխություններ անել»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս