«Այսօր բոլորը Րաֆֆի Հովհաննիսյանին են սպասում»
Ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
– ԿԸՀ-ն երեկ հրապարակեց փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները: Պաշտոնական տվյալները Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են:
– Մենք արդեն սովոր ենք, որ ընտրությունները լուրջ կասկածներով են անցնում` սկսած 1996 թվականից, և խոսել վստահության մասին այս պահի դրությամբ, կարծում եմ, հնարավոր չէ: Կարծում եմ, որ այսօրվա պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան այսօրվա պաշտոնական տվյալներն են:
– Նախագահի այս ընտրություններն ինչո՞վ առանձնացան:
– Նախևառաջ` նրանով, որ հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին այս ընտրություններին` նկատի ունեմ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին: Թվում էր, թե այս ընտրություններն իրենց բնույթով պետք է լինեին ոչ այլընտրանքային, և գործող նախագահը հեշտությամբ պետք է հաղթեր, բայց պարզվեց, որ «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի և Դաշնակցության մի զգալի մասը, իբրև այլընտրանք, քվեարկեցին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Մարդիկ ոչ այնքան Րաֆֆի Հովհաննիսյանին կողմ էին, որքան՝ Սերժ Սարգսյանին դեմ, և անսպասելի բոլորիս համար, այդ թվում և` իշխանության, Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ավելի մեծ ձայներ հավաքեց:
– Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացրած խախտումները, Ձեր կարծիքով` բավարա՞ր են, որպեսզի ընտրությունների արդյունքն այլ պատկեր ունենար:
– Քանի որ բոլորիս համար էլ պարզ է, որ «Ժառանգությունը» լուրջ և պատրաստված թիմ չուներ, կարծում եմ, որ ընտրությունների ժամանակ մասսայական խախտումներ են եղել, բայց, ի տարբերություն այլ կուսակցությունների, «Ժառանգությունը» չէր կարողացել իր քվեները պահպանել պատշաճ մակարդակով: Այնպիսի անցումային փուլի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, պետական մեքենայի կոնսոլիդացված աշխատանքի դեպքում հնարավոր չէ հասնել հաջողության: Ստացվեց այնպես, որ երբ հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին, «Ժառանգությունը» մնաց մենակ, և թիմն այդքան հզոր չէր: Այդ պատճառով այդ կուսակցությունը բավարար ապացուցողական բազա չունի, որպեսզի հիմնավորի, թե ինչու են ընտրությունները կեղծված, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ մասսայական կեղծիքներ են կատարվել, ընդ որում՝ դրանք ոչ թե առանձին արջի ծառայություններ են, այլ պետական մակարդակով որոշված և մինչև վերջ իրականացված խախտումներ: Իզուր չէ, որ իշխանությունից հեռացնում են այն մարդկանց, ովքեր «լավ» չեն կատարել իրենց աշխատանքը, նույն Աշոտ Գիզիրյանը, Վանաձորի քաղաքապետը, Արմավիրի քաղաքապետը: Այս մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն արել կամ չեն կարողացել պատշաճ մակարդակով ապահովել պետական կեղծիքների մեքենան, այդ պատճառով պատժվում են, մինչդեռ այն մարզպետներն ու քաղաքապետերը, ովքեր ամենալկտի ձևով են դա արել, կմնան իրենց պաշտոնում: Այսպիսի վայրի կանոններ են տիրում Հայաստանում, երբ պետական պաշտոնյաները պատժվում են ոչ թե իրենց կատարած աշխատանքի, այլ կեղծիքների տեխնոլոգիան չօգտագործելու համար: Ցավոք, այս շեշտադրումը հայ հասարակության մեջ չի ընկալվում:
– Պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Բարևի հեղափոխությունն» ի՞նչ հեռանկարներ ունի:
– Կարծում եմ՝ Հայաստանի տիպի երկրներում, որպեսզի դու կարողանաս հասնել հաջողության, պետք է կարողանաս հասնել այնպիսի հասարակական ընդվզման, որը կկարողանա ճաք տալ պետական կառավարման համակարգում, իսկ դա անելու համար պետք է կարողանաս ճշգրիտ ձևակերպել քո իրավական խնդիրները, քո քաղաքական պահանջները, հստակ քաղաքական ձևակերպումներ դնես, որի մեջ երկիմաստություն չլինի, որպեսզի լայն հասարակության համար պարզ լինի, թե դու ի՞նչ ես ուզում անես, իսկ թե կլինի «Բարևի՞» կամ «Արդարությա՞ն» հեղափոխություն, դրանք երկրորդական խնդիրներ են:
– Այսինքն՝ այս պահի դրությամբ դա չի՞ անում Րաֆֆի Հովհաննիսյանը:
– Ես այս պահի դրությամբ չէի ցանկանա գնահատական տալ, բայց լղոզված եմ տեսնում այդ պահանջները, դրանք ավելի առարկայական պետք է լինեն, ճանապարհային քարտեզ պետք է լինի, որպեսզի մարդիկ հասկանան, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, որպեսզի աջակցեն այդ քայլերին:
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների վերաբերյալ երեկ տարածեց մի հայտարարություն, որը բավական լղոզված էր և անդեմ: Իրեն այլընտրանքային հռչակող ուժի կողմից նմանօրինակ հայտարարությունն ընդունե՞լի է:
– ԲՀԿ-ն երբեք ռադիկալ ձևակերպումներով հանդես չի եկել, միշտ իրեն ավելի զսպված է պահել բոլոր հարցերում, և կարծում եմ, որ իր հայտարարությունը համահունչ էր իր զսպվածությանը: Այդ զսպվածությունը չի նշանակում, որ ինքը լղոզված է: ԲՀԿ-ն իր հայտարարությամբ ֆիքսում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում արդար ձևով: Դա շատ կարևոր է, որ այսօր ԲՀԿ-ն,
ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» փաստում են, որ Հայաստանում ընտրական մեխանիզմները չեն աշխատում: Փաստորեն, ԲՀԿ-ն՝ այդ խոշոր կուսակցությունը, միանում է այն երեք ուժերին, այն իմաստով, որ ընտրություններն անցնում են այնպես, որ վստահություն չեն ներշնչում լայն հասարակության համար:
– Բայց «Բարգավաճ Հայաստանի» հայտարարության մեջ հստակ դիրքորոշում ձևակերպված չէր:
– Քաղաքական այդ չորս ուժերը տարբեր երանգներով են դա անում, կարևորն այն է, որ մեսիջ են ուղարկում հանրությանը, որ ընտրությունները վստահություն չեն ներշնչում, և իշխանությունը պետք է հետևություն անի այդ ամենից: Ի վերջո, նույնիսկ ճիշտ քայլերի համար մարդիկ պետք է վստահություն ունենան կատարողի հանդեպ, իսկ իշխանությունը բոլոր կոմպրոմիսային հարցերը մերժում է:
– ՀՅԴ-ն նույնպես ընտրություններում որևէ թեկնածուի չառաջադրեց, բայց գնաց Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Եթե ԲՀԿ-ն շարունակի մինչև վերջ պահպանել իր չեզոքությունը, լուրջ կընդունվի՞ իբրև այլընտրանքային ուժ:
– Խնդիրն այն է, որ ֆորմալ իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանին դեռ ոչ մեկը չի միացել: Հրապարակ բոլորն էլ գնում են, Կոնգրեսն ինչ-որ մակարդակով է մասնակցում, Դաշնակցությունը` մեկ այլ մակարդակով, ԲՀԿ-ի շարքային անդամներն են մասնակցում, սակայն պաշտոնական մակարդակով ոչ մեկը չի միացել Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ թե այն պատճառով, որ չի աջակցում նրան, պարզապես նրանից կոնկրետ գործողություններ են սպասում, որոնք հասկանալի կլինեն բոլորի համար: Եթե գնան-միանան, Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ քայլեր կատարի, որոնք համոզիչ չեն լինի, նրանք էլ ոչ շահեկան վիճակում կհայտնվեն: Ի վերջո, այսօր բոլորը Րաֆֆի Հովհաննիսյանին են սպասում: Կներկայացնի՞ նորմալ ճանապարհային քարտեզ, հասարակությունը կընդունի՞` քաղաքական ուժերը կմիանան, իսկ նրանք, ովքեր չեն միանա, այդ ժամանակ վարկանիշային լուրջ կորուստներ կունենան: Այս պահին պարզ չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ օրակարգ է առաջ քաշում իր շարժման համար:
– Տպավորություն է ստեղծվում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խուսափում է հանդիպումներից և հարցերից. չմասնակցեց քվեարկությանը, անգամ Պարույր Հայրիկյանին չայցելեց մահափորձի օրը:
– Որպեսզի այդ ամենը կարողանանք ճիշտ գնահատել, պետք է այլ ռակուրսով դիտարկենք: Ի վերջո, նա Հայաստանի մեծահարուստներից մեկն է, նույնիսկ հանրության մեջ նրան անվանում են օլիգարխ: Հայ հանրության մեջ բոլոր օլիգարխները, մեծահարուստները կանգնած են իշխանության կողքին կամ առնվազն չեզոքություն են պահպանում: Գագիկ Ծառուկյանն այն հազվագյուտ մեծահարուստներից է, որը գոնե իր մտահոգություններն է արտահայտում երկրի զարգացման այս կամ այն հարցի շուրջ: Նա շահեկանորեն տարբերվում է մյուս մեծահարուստներից, որոնք քաղաքացիական գիտակցություն չունեն: Գագիկ Ծառուկյանի համար ավելի դժվար է այնպիսի ռադիկալ պահվածք ունենալ, ինչպիսին, օրինակ, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» շարքային անդամը կարող է ունենալ: Ծառուկյանը երկար ժամանակ եղել է իշխանության մեջ, և շատ վատ էլ ընկալվում է, երբ իշխանությունից դուրս ես գալիս ու սկսում ես փնովել իշխանությանը: Ինքը երկփեղկված է, ուզում է, որ փոփոխություններ լինեն իշխանության մեջ, և մյուս կողմից էլ` պատրաստ չէ ռադիկալ փնովել, որպեսզի մարդկանց մոտ հարց չառաջանա, որ երկար տարիներ աշխատել է իշխանության հետ, և ինչո՞ւ է այսպիսի ռադիկալ ձևակերպումներ տալիս: Այդ իմաստով մենք պետք է ըմբռնենք այդպիսի պահվածքը: