«Ռոբերտ Քոչարյանն ապօրինի գործողություն չի արել՝ շնորհավորելով Սերժ Սարգսյանին»
Որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «տակից» հովանավորող ունի, և դա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը galatv.am-ի հետ զրույցում հերքել է այս տեղեկությունները՝ դրանք համարելով իրականության հետ կապ չունեցող անհեթեթ սուտ: Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ:
-Պարո՛ն Սողոմոնյան, ինչպե՞ս եք վերաբերվում ստեղծված նոր ժողովրդական շարժմանը և ինչպե՞ս եք մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին իբրեւ թե «տակից» հովանավորելու մասին լուրերին:
-Լուրերը իրականությանը չեն համապատասխանում, անհեթեթություն են ամբողջովին և իրականության հետ որեւէ աղերս չունեն: Իսկ իրավիճակի գնահատականի համար խնդրում եմ դիմեք քաղաքագետների կամ վերլուծաբանների. կարծում եմ` ես չէ, որ պիտի վերլուծեմ:
-Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ իր մտահոգությունը չի՞ արտահայտել, և ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է նա վերաբերվում ընտրություններին եւ ժողովրդի շարժմանը:
-Անկեղծ ասած, առիթ չեմ ունեցել քննարկելու, եթե ինչ-որ քննարկման ընթացքում հատուկ դիրքորոշման կարիք լինի, բնականաբար կհայտնենք:
-Երկրորդ նախագահը չի՞ պատրաստվում հայտարարություն անել:
-Եթե կարիք լինի, հայտարարություն կլինի, և դուք կտեսնեք: Դեռ չգիտեմ` երբ եմ քննարկելու, համենայնդեպս, ոչ այսօր:
-Ժողովուրդը բողոքում է, որ տեղի չեն ունեցել ընտրություններ, իրենք այլ նախագահի են ընտրել, իսկ Ռոբերտ Քոչարյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Սերժ Սարգսյանին, որքանո՞վ է է օրինական շնորհավորել մեկին, ում ընտրվել-չընտրվելու հարցը խիստ կասկածի տակ է դնում ժողովուրդը:
-Նա ապօրինի գործողություն չի արել, այդքանը կարող եմ ասել: