«Ամեն ինչ անելու եմ, որպեսզի կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը»

Փետրվարի 23-ին կայացավ ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարը, որտեղ 375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունվեց ՀՀՇ-ն վերանվանել Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ):

Ավելի վաղ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ելույթներից մեկում հայտարարել էր, թե ժողովրդի մեջ խորհրդային տարիներից մնացել է կարծրատիպ, «ալերգիա` կուսակցականության նկատմամբ», ինչը պետք է նոր կուսակցության ստեղծմամբ ջարդվի: Լ. Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե լինելով անկուսակցական, արդյո՞ք իր` ՀԱԿ կուսակցությանն անդամագրվելը «կուսակցական ալերգիայից, կաղապարներից» ձերբազատվելու, դրանք հաղթահարելու փորձ է։ «Ճիշտն ասած` ես երբեք առանձնապես այդ գաղափարները չեմ ունեցել, բայց միշտ բնական եմ համարել, որ կան մարդիկ, ովքեր ունեցել են այդ կաղապարները: Ես առաջին անգամ եմ դառնում կուսակցության անդամ: Տեսնում եմ, որ պահանջ կա կուսակցության անդամագրության, և ես իմ օրինակով փորձում եմ ծառայել այդ պահանջի իրականացմանը»,- ասել է Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ կուսակցությունը պետք է լինի դեմոկրատական, ազատ շարժում, որի անդամների համար կուսակցական կարգապահությունը չպետք է դառնա անհատականության սահմանափակման խնդիր: Կուսակցությունն, ըստ նրա, պետք է լինի «ազատ մարդկանց ազատ հավաքականություն` միևնույն ժամանակ վճռական պահերին գործի, որպես միասնական ուժ»:
Համագումարի ժամանակ, սակայն, ՀՀՇ-ն վերանվանելու նախաձեռնությունը միանշանակ չէր ընդունվում: Եղան անհամաձայնություններ, քննադատություններ, մասնավորապես` ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արաքցյանի, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանի կողմից, ովքեր ի սկզբանե դեմ էին արտահայտվում անվանափոխությանը: Լևոն Զուրաբյանն այս առնչությամբ ասել է, որ շատ նորմալ է վերաբերվում տարբեր կարծիքներին ու դրանք բնական է համարում: «Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն որևէ նախաձեռնության հետ: Ո՞նց եք պատկերացնում, որ լիներ 100 տոկոսանոց կոնսենսո՞ւս: Նման բան եղել է միայն Կոմունիստական իշխանության ժամանակ, Ստալինի, Բրեժնևի ժամանակ: ՀՀՇ-ն այն կուսակցությունը չէ, որ այս կամ այն հարցի շուրջ ունենա 100 տոկոսանոց կարծիք: Տեղի ունեցավ նորմալ, ժողովրդավարական դիսկուսիա: Կա՞ մեկ այլ կուսակցություն, որը կարող է իրեն թույլ տալ մամուլի առջև այսքան անկաշկանդ դիսկուսիա ծավալելգ»,- մասնավորեցրել է նա:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե նոր ստեղծվող կուսակցությունը հնարավոր է ղեկավարի հենց ինքը` Լևոն Զուրաբյանը, վերջինս «168 Ժամի» հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Նման բան բացարձակապես գոյություն չունի: Կուսակցությունը ղեկավարվում է դեմոկրատական սկզբունքներով, և ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց դա, ի վերջո, կուսակցության որոշելիք գործն է: Իրավունք չունեմ կուսակցության փոխարեն` ինչ-որ բան որոշել»: Այն հարցին, որ եթե, այնուամենայնիվ, կուսակցության ղեկավարի դերը իրեն վստահվի, կհամաձայնի՞ արդյոք Լ. Զուրաբյանը ստանձնել այն, վերջինս պատասխանել է. «Չեմ կարծում, որ կարող եմ այդ գործն անել ավելի լավ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Տեսանյութեր

Լրահոս