
Տավուշի մարզում բախվել են «Վազ 2106»-ը և «Մերսեդես Բենս»-ը. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 33-ամյա Մամիկոն Անդրեսյանը, վարելով «Վազ2106» մակնիշի 34 ՕՏ 570 համարանիշի ավտոմեքենան, Այրում-Արճիս միջպետական ավտոճանապարհի Արճիս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 41-ամյա Կամո Ռաֆայելյանի վարած «Մերսեդես Բենս» մակնիշի 54 AP 555 համարանիշի մարդատար ավտոմեքենային։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Անդրեսյանը տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը։ Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչ Արկադի Աբովյանը։