
Պաշտոնանկությունների հետողորմյա

Արդեն մի քանի օր շարունակ տեղեկություններ են տարածվում, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արմավիր քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով երազում է օր առաջ ազատվել Խլղաթյանից, իր համար բաղձալի լուրը հայտնել է երեկ կայացած մարզխորհրդի նիստում, մտածելով, որ դրանով անդառնալի կդարձնի Խլղաթյանի պաշտոնանկությունը:
Սակայն 168.am-ի տեղեկություններով` Խլղաթյանի դիմումին առաջիկայում ընթացք չի տրվի: Ըստ որոշ տեղեկությունների, Խլղաթյանի համար նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսել են և որոշվել է մինչև այդ հարցով վերջնական վճիռ կայացնելը ներքին հետաքննություն իրականացնել և պարզել, թե ո՞վ է Սերժ Սարգսյանի պարտության իրական պատասխանատուն`քաղաքապետ Խլղաթյա՞նը, թե՞ մարզպետը, որը դրանով փորձել է հասնել Խլղաթյանի պաշտոնանկությանը: Մյուս կողմից, իշխանության ներսում հասկանում են, որ պետական և համայնքային պաշտոնյաների նման հախուռն պաշտոնանկությունները կարող են ավելացնել իշխանությունից դժգոհների քանակը, ինչը հիմա ամենաանցանկալի երևույթն է: