
«Մենք ի՞նչ խոչտընդոտ պետք է ստեղծենք, կան համապատասխան օրգաններ, իրենք պիտի էդ հարցերով զբաղվեն». Եղեգնաձորի քաղաքապետ

Եղեգնաձորի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը «Ժառանգության» առաջնորդ, նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից իր ղեկավարած համայնքում այսօր հանդիպում-հանրահավաք կազմակերպելու իրազեկում չի ստացել:
«Մեզ ոչ մեկը չի դիմել նման հարցով: Ես հիվանդ պառկած եմ, ինձ էլ տեղեկացրել են, որ ոչ մեկը նման բան չի տեղեկացրել»,-168.am-ին ասաց ԲՀԿ-ական քաղաքապետը: Այն հարցին, թե պատրաստվում եք խոչընդոտներ ստեղծել նախագահի նախկին թեկնածուի հավաքին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մենք ի՞նչ խոչտընդոտ պետք է ստեղծենք, կան համապատասխան օրգաններ, իրենք պիտի էդ հարցերով զբաղվեն»: Եղեգնաձորի քաղաքապետն այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե դրա ժամանակը չէ, և անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ Եղեգնաձորը Վայոց Ձորի մարզի միակ քաղաքային համայնքն է, որտեղ ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին՝ ձայների 1944-1522 հարաբերակցությամբ: Բացի Եղեգնաձորից, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է նաև Արենի, Գլաձոր և Վերնաշեն գյուղերում: