Բաժիններ՝

Սպառնալով վնասել սեփական երեխային՝ կնոջն ստիպել է պոռնկությամբ զբաղվել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Մուրադյանի:

Արտավազդ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Տ.Ասատրյանին սեռական շահագործման ենթարկելու նպատակով, պարբերաբար, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացի այդ իրենց անչափահաս դստեր՝ Անուշ Ասատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, այն է՝ երեխային վնասելու և կյանքից զրկելու խոստումներով, նաև կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով, պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ։ Ա.Մուրադյանը տաբեր օրերի, վերը նկարագրված բռնությունների սպառնալիքների գործադրմամբ, Տ.Ասատրյանին՝ իր կամքին հակառակ, մանկահասակ դստեր հետ միասին, տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիևյան փողոց, որտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը, մնալով տաքսու մեջ, վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել ու ինքնուրույն տնօրինել մարմնավաճառությամբ վաստակած գումարները։

Մեղադրանքը առաջադրվել է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 132-ի 2-մասի 4-րդ կետի, այն է՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Նրա նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում՝ համաձայն անմեղության կանխավարկածի սկզբունքի անձն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս