Նրանք, ովքեր կպնդեն, թե գիտեն մեր ժողովրդին և կարող են նրա վարքը կանխատեսել, առնվազն շառլատաններ են. մամուլ
«Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր «բարևի» հեղափոխությունը և հանրահավաքներից հոգնած ժողովրդին հրապարակներ է հանում, իշխանությունը սպասողական դրության մեջ է»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Եթե հետևենք իշխանական քարոզիչների ու քարոզչամեքենայի գործողություններին, ապա ընտրությունների օրվան հաջորդող շրջանում միակ բանը, ինչով փորձել են հակադրվել թափ հավաքող շարժմանը, տարբեր պետությունների ղեկավարների ու անհատ անձանց կողմից ստացվող շնորհավորանքների հրապարակումն է, ինչը, հավանաբար, իշխանավորների կարծիքով սթափեցնող դեր պետք է խաղա և հեղափոխականներին հասկացնի, որ պայքարն անիմաստ է:
Բայց մեկ անգամ արդեն մեր ժողովուրդը ցույց տվել է, որ այդ կոչերն իր վրա չեն ազդում: Ինքն իր ճշմարտությունն ունի, որը որոշել է առաջ տանել: Թե այդ ճշմարտությունը նրան ուր է հասցնելու, առայժմ դժվար է ասել: Գուցե սա ընդամենը ռեժիմին «ատամ ցույց տալու» գործընթա՞ց է, իսկ գուցե ամբոխն «արյան ծարա՞վ ունի», և իշխանությունը, մի քանի չսիրված դեմքերի մեջտեղից հանելով, հանդարտեցնի իրավիճակը: Իսկ գուցե ժողովրդական շարժման հիմքում ավելի՞ վճռական պահանջներ են դրված՝ համակարգային փոփոխությունների, կառավարման հիմնարար բարեփոխումների: Չի բացառվում նաև, որ այս անգամ ժողովուրդը հակված չէ ներելու և նահանջելու, ուստի դանդաղ ու հետևողական հասնելու է իր ուզածին՝ թավշյա հեղափոխությանը:
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր կպնդեն, թե գիտեն մեր ժողովրդին և կարող են նրա վարքը կանխատեսել, առնվազն շառլատաններ են ու դատարկախոսներ: Ժողովուրդն ապացուցեց, որ ինքն ավելի անկանխատեսելի է, ավելի խելացի, քան այդ բոլոր քաղաքագետները, սոցիոլոգներն ու հոգեբանները, որոնք տարբեր երկրների հեղինակավոր բուհերում բարձրակարգ կրթություն են ստացել»: