ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում տեղ է գտել նաև ԼՂ-ի հարցում միջնորդությամբ հանդես գալը
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր հայեցակարգում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդությամբ հանդես գալը: Ռուսաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատվել է 2013 թվականի փետրվարի 12-ին:
104 կետից բաղկացած այդ փաստաթղթում ներկայացված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքների, առաջնահերթ ուղղությունների, նպատակների ու առաջադրանքների մասին հայացքների համակարգը:
Մասնավորապես, հայեցակարգի 49-րդ կետում նշված է, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դեր խաղալ ԱՊՀ տիրույթում հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորման հարցում:
Ռուսաստանը մասնավորապես մասնակցելու է Մերձդնեստրիեի խնդրի կարգավորման ուղիների փնտրտուքին՝ Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման վրա՝ Մերձդնեստրիեին հատուկ կարգավիճակ տալուն զուգահեռ:
Ռուսաստանը շարունակելու է նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ փոխգործակցելով մյուս երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հետ և 2009-2011 թվականներին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների արած համատեղ հայտարարություններում շարադրված սկզբունքների հիման վրա: