
«Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում». Հ.Խուրշուդյան

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը քիչ առաջ «Մեդիա Կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ աննախադեպ ընտրախախտումներ են գրանցվում: «Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում: Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ նաև բռնություններ չեն կիրառվել: Մնացած բոլոր գոյություն ունեցող մեթոդները օգտագործվել են` լցոնում, բաց քվեարկություն….»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ վերջին ժամերի ընթացքում արդեն ունեն կեղծ անձնագրով քվեարկության երեք դեպք: Հովսեփ Խուրշուդյանը ավելացրեց նաև, որ Նոր Նորքից ունեն ահազանգ` ընտրատեղամասում էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել և էլցանցից չեն խոստացել, որ որ երեկոյան նույն պատկերը չի կրկնվի: Նմանատիպ ահազանգ ստացել են նաև Վանաձորից։ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք մտավախություն ունեն, որ երեկոյան էլեկտրաէներգիան կանջատեն լցոնումներ կատարելու համար:
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ բազմաթիվ խախտումների ամբողջական ցուցակը մեկ ժամվա ընթացքում կհրապարակեն: Անդրադառնալով վստահված անձանց խնդրին` նա նշեց, որ կուսակցությունն ունի 100-ից ավելի վստահված անձինք, մեկական անդամ բոլոր հանձնաժողովներում: Հ. Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը իրականում վստահված անձ չունենալը չէ: