Հովիկ Աբրահամյանը չի բացառել «Բարգավաճ Հայաստանի» հետ կոալիցիա կազմելու ձևաչափը (տեսանյութ)
Քիչ առաջ 10/08 ընտրատեղամասում քվեարկելու է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ «Ես քվեարկել եմ կայուն Հայաստանի զարգացման, մեր հայրենիքի անվտանգության, ապահով Հայաստանի և մեր ապահով ապագայի համար։ Համոզված եմ, որ այս ընտրությունները կլինեն ավելի լավը, քան խորհրդարանական ընտրությունները, և իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի ընտրություններն անցնեն օրենքի սահմաններում։ Իմ կարծիքով` արդեն առավոտից սկսած որևէ լուրջ խախտում, թերություն, ահազանգ չունենք, ինչը շատ լավ է։ Դա մեր ժողովրդի, հասարակության ձեռքբերումն է, և ես համոզված եմ, որ այս ընտրությունները մեկ քայլ ավելի առաջ կլինեն, քան խորհրդարանական ընտրությունները»,-ասել է նա լրագրողներ հետ զրույցում։
Այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի ընտրություններից հետո հնարավո՞ր է ԲՀԿ-ն վերադառնա կոալիցիա, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Ես չեմ բացառում կոալիցիոն ձևավորման որևէ ձևաչափ, ամեն ինչ հնարավոր է, ուղղակի սպասենք ընտրություններն ավարտվեն։ Մեր կուսակցությունը Գործադիր մարմնում այս հարցն անպայման կքննարկի, և բոլորը տեղյակ կլինեն։ Ոչ մի բան չեմ բացառում»։