«Մեզ ասում են՝ գնացե՛ք, վարձո՛վ ապրեք: Բայց աշխատում ենք, հազիվ ուտելու ենք հերիքացնում, ո՞ւր մնաց՝ վարձով ապրենք»
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Սարի թաղի 18 փողոցի բնակիչները: Վերջիններս նշում էին, որ արդեն քանի տարի է՝ պետական մարմինները խաբում են իրենց և բնակարան չեն տրամադրում:
Սարի թաղի 18 փողոցի բնակիչներից մեկը՝ Սուսաննան, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սողանքի հետևանքով իրենց բնակարանները վթարային և բնակչության համար ոչ պիտանի են ճանաչվել: Դրա հետևանքով որոշ բնակիչներ տեղափոխվել են ու վարձով բնակարաններում են սկսել ապրել, մյուսները չեն կարողացել դուրս գալ բնակարաններից, քանի որ գումար չեն ունեցել: «Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է այդ բնակիչների ցանկը ու հրամայվել սողանքի հետևանքով վթարային և բնակության համար ոչ պիտանի դարձած 10 բնակելի տների բնակիչերի անվտանգությունն ապահովելու համար անձանց բնակարանային խնդիրները լուծել Երևանի քաղաքապետարանի ՀՀ 2009-2011 թթ. պետական բյուջեներով նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում՝ կառուցվող բամզաբնակարան շենքերից բնակարաններ հատկացնելու սողանքային գոտում գտնվող բնակելի շենքերն անհապաղ ազատելու և բնակարան ստացողների միջոցով դրանք քանդելու պայմանով»:
Հրամանից հետո, ըստ բնակչի, իր ընտանիքն անհապաղ ազատել է բնակարանը. «Մենք դուրս ենք եկել, պետությունը մեզ ամիսը 15.000-ական դրամներ է տվել: Օրենքով տվեցին, 3 ամիս ստացա, հետո հրաժարվեցին: Թող ման գան, տեսնեն, որ ծայրամասերում էլ 15.000 դրամով տուն չկա: Մինչև այսօր մեզ խաբում են: Այսօրվա օրով ես ինվալիդ եմ, ամուսինս ինվալիդ ա, ուսանող երեխայիս չեմ կարողանում պահել»:
Տների բնակիչներից մեկը՝ Արարատ Մղդեսյանը, պատմեց, որ ինքը 4 երեխա ունի. ապրում են հին բնակարանում. «Ջրի մեջ ենք ապրում: Ամեն օր խաբում են: Արդեն 8 տարի է, խաբում են: Անհույս ապրում ենք»:
Բնակիչներից մեկն էլ՝ Էլմիրա Կարապետյանը, նշեց, որ սողանքային երևույթները 2001-ից են սկսվել, իսկ 2007-ից փլվել է տներից մեկը. «Ամենացավալին այն է, որ գնում ենք քաղաքապետարան, ասում են`ձեզանից բեթարն էլ կա: Մեզանից բեթարը ո՞րն է, եթե տունը գոյություն չունի: Դրանից բեթար չի լինում: Մենք այդ տանն ենք ապրում, ինչ ունենք-չունենք՝ փչանում ա: Ես արդեն վախենում եմ, որ մի օր քնած կլինենք, կտուրը կփլվի մեր վրա: Մեզ ասում են՝ գնացե՛ք, վարձո՛վ ապրեք: Բայց աշխատում ենք, հազիվ ուտելու ենք հերիքացնում, ուր մնաց՝ վարձով ապրենք»:
Բնակիչներին ընդունեց կառավարության վարչության պետերից մեկը. վերջինս նրանց խորհուրդ էր տալիս գրավոր դիմում ներկայացնել: