«Պարտավոր եք հայտարարել, որ չեք գնում շնորհավորելու »
Երեկ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այցելեց Հայաստանի հյուսիսային ամենախոշոր քաղաքը` Գյումրի։
Թեկնածուն իր հանդիպումն ընտրողների հետ նախատեսել էր Գյումրիի «Հոկտեմբեր» կինոտանը, սակայն արդեն ճանապարհին թեկնածուն հանդիպում էր գյումրեցիներին` բարևելով և ողջունելով նրանց, իսկ ոմանց հետ բռնվելով զրույցի։ Բագրատյանին մոտենում էին տարբեր քաղաքացիներ` դիմելով այս կամ այն հարցերով. մեկը հաշմանդամ էր, ով բողոքում էր, որ իրեն չեն տալիս թոշակ` որպես ազատամարտիկ, մյուսը` մի կին, պնդում էր, որ 1990-ականներին խնայողություններ է ներդրել մասնավոր բանկերից մեկում, որն այդպես էլ չի վերադարձրել իր գումարը, ինչին ի պատասխան` Հրանտ Բագրատյանն ասաց, որ եթե իրոք այդպիսի դեպք եղել է, ապա վարչապետն այդ գործարքի հետ կապ չէր կարող ունենալ, և դրա պատասխանատուն կարող է լինել ժամանակին Կենտրոնական բանկի ղեկավարը, ով այսօր վարչապետն է։ Այս բոլոր դիմումներին ի պատասխան` Հրանտ Բագրատյանը տալիս էր ԱԺ-ի իր հեռախոսահամարը, որպեսզի որպես ԱԺ պատգամավոր` կարողանա որևէ կերպով աջակցել նրանց։
Իսկ կինոտանը Հրանտ Բագրատյանն արդեն հանդիպեց լրագրողների հետ, ում, առաջին հերթին, բնականաբար, հետաքրքրում էին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կողմից ընտրությունները հետաձգելու վերաբերյալ դիմումի նախ` ներկայացումը, իսկ արդեն երեկ` հետ վերցնելը։ Ի պատասխան` Բագրատյանն ասաց, որ կիրակի օրն ինքը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այս ամենն իսկապես կարող է վերածվել կատակի, և «կատակ» բառը դեռ մեղմ է ասում։
«Դա նաև փաստում է այն, որ միասնական թեկնածուի մասով պահանջը լուրջ չէր, որովհետև անհասկանալի էր` ինչո՞ւ կապել այդ հարցն ընտրությունները հետաձգելու հետ. դրանք երկու իրար հետ կապ չունեցող բաներ են։ Երկրորդը` անհասկանալի էր` եթե միասնական թեկնածու լինի, ապա ինչո՞ւ պետք է ընտրությունները կայանան փետրվարի 18-ին և ոչ թե` ճիշտ հակառակը` հետաձգվեին»,- ասաց Հ.Բագրատյանը։ Թեկնածուն նաև հիշեցրեց, որ պատմությունը սկսվել է մյուս երկու թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի հետ ստորագրված փաստաթղթից, և դրանից հետո միայն ինքն է հայտարարել, որ ոչ մի պաշտոնի չի գնում, և երկրորդը` եթե իշխանությունները չեն ուղղում այդ ընտրացուցակները, ուրեմն որևէ ձևով հնարավոր չի լինելու շնորհավորել գործող նախագահ Սերժ Սարգսյանին` նրա վերընտրվելու դեպքում։
«Ուրեմն իրականության մեջ ես իրավունք ունեմ ինձ վերագրելու, որ միասնական թեկնածուի մասին հայտարարություններն ընդհանրապես նպատակ ունեին դաշտից վերացնել որևէ ընդդիմադիր թեկնածուի։ Պատահական չէ, որ ես արձագանքեցի Պարույրին և ասացի` եղբայր, եթե դու առաջինն ես ուզում, հենց առաջինը քո թեկնածությունը հանի, և դու կմտնես հետագա երկյակի մեջ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ես կորոշենք հաջորդ թեկնածուին։ Խոսքս շարունակում եմ նաև մյուս թեկնածուի մասին` պարտավոր եք հայտարարել, որ չեք գնում շնորհավորելու։ Երկու օր առաջ հայտարարություն եղավ, որ «եթե արդար լինի, կշնորհավորենք», ես իրենց ասել եմ` արդեն արդար լինել չի կարող, որովհետև մեր խնդրանքը մերժվել է»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
Իսկ ի պատասխան հարցի` որքանո՞վ է հավանական համարում ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը, Բագրատյանը մատնանշեց համացանցում արվող հարցումները, ըստ որոնց` Սերժ Սարգսյանը չի հայտնվում նույնիսկ առաջին երկու տեղերում։ «Բայց քանի որ ես եմ ընդդիմության թեկնածուն, իրենք հրաման են տալիս` փոքրացրեք, իջեցրեք. իշխանությունները ոչ միայն ուզում են առաջին տեղն ապահովել, այլ ուզում են երաշխավորել նաև երկրորդ, երրորդ տեղերը, որպեսզի նրան շնորհավորեն, որ լրիվ լեգիտիմության պատկեր ստանան»,- ասաց նա։
Լրագրողների հետ զրույցից հետո Հրանտ Բագրատյանը հրապարակում հանդիպեց գյումրեցիների հետ` նրանց հետ քննարկելով ամենատարբեր հարցեր` հիմնականում քաղաքական և տնտեսական, իսկ հետո որոշեց իր համախոհների հետ մտնել մոտակայքում գտնվող«Յոթ վերք» եկեղեցին, որտեղ, ինչպես պարզվեց, տեղի էր ունենում երիտասարդ զույգի պսակադրություն։ Նախագահի թեկնածուն մոտեցավ նորապսակներին և շնորհավորելով` մաղթեց ունենալ առնվազն երեք երեխա։
Օրվա վերջում Հրանտ Բագրատյանն «Ասպարեզ» մամուլի ակումբում քննարկման ձևաչափով հանդիպեց տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների և լրատվամիջոցների հետ` ներկայացնելով իր տեսակետները Հայաստանի արտաքին և ներքին խնդիրների, ինչպես նաև` Գյումրիի վերաբերյալ։ Մասնավորապես, Հրանտ Բագրատյանն անդրադարձավ սիրիական և իրանական հարցերին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա, ու բավական մանրամասնորեն ներկայացրեց աշխարհի կառավարման 4 հիմնական քաղաքակրթական մոդելները` արևմտյանը, որն առայժմ իրեն դրսևորում է` որպես ամենաառաջադեմը, օրթոդոքսալ կապիտալիզմը, որը հիմնականում բնորոշ է սլավոնական աշխարհին, քաղաքակրթության երրորդ ձևը, ըստ Բագրատյանի, այսօր ձևավորվում է Արևելքում` Չինաստան, Կորեա, Ճապոնիա և այլն, իսկ 4-րդ մոդելն իսլամական կրոնական մոդելն է։ Այս համատեքստում նա փորձեց ներկայացնել, թե այս մոդելներից որին է պատկանում Հայաստանը։ ՙՄիշտ ասել եմ, որ կրոնի կամ Հայ Առաքելական եկեղեցու դերի նման շեշտադրումը միայն թուլացնում է հայկական պետականությունը, սա իմ կարծիքն է։ Էջմիածինը սրա հետ համաձայն չի, բայց դա իրենց խնդիրն է։ Ճիշտ է ունենալ Առաքելական եկեղեցի, բայց նա պետք է լինի չափի մեջ, չպետք է ունենա հող, չպետք է լինի տնտեսվարող սուբյեկտ, չպետք է հավակնի կրթությանը՚,- ասաց թեկնածուն։ Հ.Բագրատյանը կարծիք հայտնեց, որ հայկական հասարակությունում ուժեղ սոցիումներ երբեք չեն եղել, և մեր հասարակությունում պետությունը միշտ նույնականացվել է ոչ թե պետական ինստիտուտների, այլ պետական անձերի հետ։ ՙԱհա այս համատեքստում` այս հասարակությունը երազանքներով քրիստոնեական է, բայց կոնկրետ ապրելակերպով ավելի շատ նման է մահմեդական հասարակությանը՚,- նշեց նա։
Մեկ այլ կարևոր հարց վերաբերում էր Հայաստանի միջազգային ինտեգրացիոն գործընթացներին։
«Ո՞ւր պետք է գնա Հայաստանը` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրոպա։ Ես կարծում եմ, որ Հայաստանը Եվրոպայում ապագա չունի, ոչ էլ ԱՊՀ-ում ապագա ունի։ Աշխարհը գլոբալանում է, և Եվրամիության ստեղծումը գլոբալ աշխարհին դեմ է»,- հայտարարեց նա։ Բագրատյանը նշեց, որ Եվրամիության ճգնաժամի հիմնական պատճառը միասնական արժույթի, բայց ոչ միասնական ֆինանսական առկայության մեջ է, և ինքը հոռետեսորեն է տրամադրված դրա նկատմամբ։ Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա այդ մասին թեկնածուն ասաց, որ այդ միությունն այս պահին գոյություն չունի որևէ առաջարկի ձևով, և կարելի է խոսել միայն Մաքսային միության մասին։ Հ.Բագրատյանը հիշեցրեց, որ ՀՀ բյուջեն կազմում է մեկ տրիլիոն դրամ, որից 480 մլրդ-ը Հայաստանը հավաքում է ԱԱՀ-ից, իսկ դրանից 300 մլրդ-ը հավաքում ենք սահմանին` Ռուսաստանից եկող ապրանքներից, էներգակիրներից և այլն, և, երբ մենք մուտք գործենք Մաքսային միություն, այդ ամենն անմիջապես կկորցնենք, Հայաստանը կպարտավորվի մաքսատուրքեր կիրառել Իրանից եկող ապրանքների վրա, և կորուստները բավական մեծ կլինեն։