Բաժիններ՝

Սա Հայաստանն է… և վերջ. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Եվ այադես. Հայաստանում նախագահական ընտրությունները չեն հետաձգվի։ Սերժ Սարգսյանին պետք չէր և ուրեմն՝ չեն հետաձգվի։

Ճիշտն ասած՝ բնավ անսպասելի չէր։ Երբ մահափորձի հաջորդ օրն անսպառ ու անհաղթահարելի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց, ամեն ինչ միանգամից պարզ դարձավ։ Ադիբեկյանը ասուլիս հրավիրեց և իմիջիայլոց հայտարարեց, որ Պարույր Հայրիկյանը խելոք լինի` ոչ էլ կհետաձգի ընտրությունները, քանի որ էս մահափորձի արդյունքում իր վարկանիշը բավականին աճել է, իսկ լրագրողները պիտի որ իմանան, թե ինչ բան է սենսացիան և սենսացիան 1 շաբաթ է ապրում, մաքսիմում 2 շաբաթ, իսկ դրանից հետո ամեն ինչ կմոռացվի, վարկանիշը նորից իր տեղը կընկնի, և Հայրիկյանը ճիշտ կանի՝ այս անգամ չկորցնի «պատմական պահը»:

Դրանից պարզ դարձավ, որ Հայրիկյանին փորձում են համոզել։ Քաղաքային ֆոլկլորում դա կոչվում է «կտել», և կտելը հայ արդի քաղաքական մտքի ֆենոմեն է։ Ով ում հաջողացնում՝ խաբում է։ Կուսակցությունները՝ միմյանց, ձեռքի հետ էլ՝ ժողովրդին, ժողովուրդը՝ սոցհարցում անողներին, սրանք՝ հասարակությանը, «ժառանգությունը»՝ մնացած ընդդիմադիրներին, ՀՀԿ-ն «ժառանգությանը», լրագրողները՝ ընթերցողներին, ընթերցողները՝ միջազգային դիտորդներին, սրանք էլ իրենց հերթին՝ մեզ։

Հիմա Հայրիկյանին, իհարկե կսկսեն մեղադրել։ Սակայն բոլորին էլ կարելի է հասկանալ։ Մարդկանց ասելիքը վերջացել էր, և հետաձգման երկու շաբաթվա ընթացքում նրանք հնարավոր է, մտադրություն ունեին նոր գաղափարներ ծնելու, հասարակությանը զբաղեցնելու նոր մեթոդներ մշակելու։

Բայց շանսը չտրվեց ո՛չ մնացած թեկնածուներին, ո՛չ վիրավոր Հայրիկյանին։ Հայրիկյանին համոզեցին, և ոչ միայն Ադիբեկյանի, նաև հետագա օրերին այլ քաղաքագետների և քաղաքական գործիչների «սթափ վերլուծությունների» միջոցով, որ Հայրիկյանին ընտրություններում արդեն երկրորդ տեղ են խոստանում։ Այս պայմաններում ակնհայտ էր, որ եթե անգամ Հայրիկյանը ականջալուր չլիներ «բանականության ձայնին» և պնդեր ընտրությունները հետաձգելու վրա, նրա դիմումը Սահմանադրական դատարանը կմերժեր՝ որևէ պատճառաբանությամբ, կհայտարարեր, որ խոչընդոտները անհաղթահարելի չեն և նման բաներ։ Քանի որ հետաձգումը Սերժ Սարգսյանին պետք չէր։

Եթե պետք լիներ, իհարկե, ընտրությունները կհետաձգվեին, նույնիսկ եթե Հայրիկյանը չդիմեր ՍԴ։ Այսինքն՝ Հայաստանում ամեն ինչ դեոևս պտտվում է մեկ մարդու կարիքների ու գեղագիտական պատկերացումների շուրջը։ Եթե իր կարծիքով սիրուն է, ուրեմն գոյության իրավունք ունի, եթե «սիրուն չի», ուրեմն «տարբերակը կգտնենք, պարոն նախագահ»։ Քաղաքական նպատակահարմարությունը, այլ թեկնածուների, էլ չասած ժողովրդի շահերը և կարիքները, իրավականությունն ու մնացած բաները որևէ դեր ունենալ չեն կարող։

Սա է Հայաստանի իրականությունը, և այս պայմաններում գուցե իրոք, հույսը մնում է էպոսագետի ասած վերևի Աստվածը, մեկ էլ այն, որ տաղանդով Հայրիկյանի հետ մրցելով, նա իրոք, ինչպես խոստացել է, մի օր մեքենան կկայանի խանութներից մեկի մոտ, կմտնի խանութ ու սեփական մեքենան դրսում կհրդեհի՝ մի քիչ աշխուժություն մտցնելով մեր ձանձրալի ու միօրինակ նախագահական քարոզարշավի առօրյայում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս