Քարոզարշավը տեղափոխվում է ցանցային տարածք
«Facebook-ը որպես նախընտրական հարթակ Հայաստանում» հետազոտությունն անցկացվել է նախ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այժմ նախագահական ընտրությունների այս ժամանակաշրջանում «Ռեգիոն» կենտրոնը կրկին նման ուսումնասիրություն է իրականացնում։ Ուսումնասիրության առաջին փուլը, որն ընդգրկում է դեկտեմբերի 1-ից հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածը՝ արդեն ավարտվել է։ Ուսումնասիրության առաջին փուլը նախորդում էր պաշտոնական քարոզչության մեկնարկին, իսկ արդեն հունվարի 21-ից շարունակվում է հետազոտության երկրորդ փուլը, որը կավարտվի փետրվարի 16-ին, իսկ արդյունքները կհրապարակվեն նախագահական ընտրություններից հետո։ Նշենք, որ մասնագետների խումբն ուսումնասիրելու է նաև հետընտրական զարգացումները Facebook-ում։
Հարցազրույց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ։
– Առաջիկայում ընտրություններն են, խոսենք ինտերնետում թեկնածուների ակտիվության մասին։
– Պետք է նշել, որ ինտերնետը դարձել է քաղաքական գործունեություն և քաղաքական գործիչների ամենակարևոր առանցքային գործիքներից մեկը։ Արդեն մի քանի տարի շարունակ ինտերնետի տարբեր հնարավորություններն օգտագործվում են ընտրական գործընթացներում։ Օրինակ` հատուկ ընտրական փուլերի համար ինտերնետային կայքեր են բացում, էլ. փոստի միջոցով տեղեկատվություն են տարածում, օգտագործվում են YouTube-ի հնարավորությունները, ցանցում տեսանյութեր են տարածում և այլն։ Օրինակ` «Ժառանգություն» կուսակցությունն ավանդաբար իր տեղեկատվությունը տարածում է ոչ միայն այն տեղադրելով իրենց ինտերնետային կայքերում, այլև` էլ. փոստի միջոցով, և դրանք տարածում է տարբեր մարդկանց շրջանակներում։ Այժմ էլ նրանք այդ տարբերակը շարունակում են կիրառել, օգտագործում են նաև տարբեր այլ գործիքներ։ Վերջին խորհրդարանական ընտրությունները դարձան Հայաստանի ընտրական պատմության մեջ առաջին փուլը, երբ սոցցանցերն օգտագործվեցին` որպես ինտերնետ գործիք։ Եվ, քանի որ Հայաստանում մեծ տեմպերով զարգանում էր Facebook սոցիալական ցանցը, ուստի գործի դրվեց նաև Facebook-ը։
– Խոսենք քարոզարշավի ընթացքում ավանդական մեդիայի և սոցցանցի ընձեռած հնարավորությունների մասին։
– Քարոզարշավի հիմնական նպատակը ընտրազանգվածին իր կողմը թեքելն է։ Եթե ավանդական մեդիաները հնարավորություն են տալիս թեկնածուներին լինել ասպարեզում և շփվել լսարանի հետ սահմանափակ ժամանակահատվածում, ապա Facebook-ը տալիս է անսահմանափակ հնարավորություններ թե շփման տևողության իմաստով և թե նյութերի ինտենսիվության առումով։ Այսինքն` օրուգիշեր, անսահմանափակ տեղեկատվություն կարելի է տարածել, իսկ գլխավորը՝ այդ ամենն անվճար է։ Բացի այդ, Facebook-ը և ցանկացած սոցիալական ցանց քաղաքական գործիչներին տալիս է մեկ ուրիշ առավելություն ևս` հետադարձ կապի ուսումնասիրության հնարավորություն։ Եթե սովորական դասական ավանդական մեդիաներով քարոզչությունը անում են առանց հետադարձ արձագանքների ուսումնասիրության, ինչը հնարավոր է իմանալ միայն կենդանի հանդիպումների ժամանակ, քանի որ մնացած բոլոր դեպքերում հասարակական տրամադրությունները, հասարակության վերաբերունքը այս կամ այն քաղաքական ուժին, նրանց թեկնածուներին, ուղերձներին և այլն, հնարավոր չէ հասկանալ, ապա Facebook-ը տալիս է հետադարձ կապի հնարավորությունը։ Այսինքն` սոցցանցերի միջոցով հնարավոր է ուսումնասիրել և հասկանալ հանրության արձագանքը։
– Բացի հետադարձ կապի հնարավորությունից, սոցցանցերի կիրառումն ընտրական գործընթացներում այլ ի՞նչ հնարավորություններ կարող է տալ։
– Օրինակ` խորհրդարանական և այս նախագահական ընտրություններում Facebook-ի օգտագործման գլխավոր տարբերությունն այն է, որ հիմա արդեն նաև քաղաքական գործիչներն են փորձում օգտագործել Facebook-ը` որպես կազմակերպման գործիք։ Այսինքն` սոցցանցը օգտագործում են ոչ միայն տեղեկատվության տարածման համար, այլև կիրառում են նրա կազմակերպչական հնարավորությունները։ Կոնկրետ այս նախընտրական փուլում քաղաքական մի շարք գործիչներ, մասնավորապես՝ նախագահի թեկնածուները փորձեցին Facebook-ը օգտագործել նաև որպես կազմակերպման և կազմակերպչական գործիք։ Օրինակ` Հրանտ Բագրատյանը, այն մասին, որ որոշել է առաջադրվել` որպես նախագահի թեկնածու, առաջինն իր հայտարարությունը կատարել է Facebook-ում, և ոչ թե այլ` մեդիաներում։ Բացի այդ, նա դիմել էր օգտատերերին՝ առաջարկությամբ, որպեսզի նրանք առաջարկեն ընտրական կարգախոսներ, արդյունքում` հավաքվեց 89 կարգախոսի տարբերակ, և դրանցից մեկը նա ընտրեց։ Այսօր արդեն Հրանտ Բագրատյանի պաշտոնական գործող երկու կարգախոսներից մեկը` ՙՀայաստանը միայն Երևանը չէ՚, հենց Facebook-յան օգտատիրոջ կողմից առաջարկված տարբերակն է։ Բացի այդ, նույն թեկնածուն Facebook-ում հրապարակեց նաև իր նախընտրական շտաբի անդամների անունները, նրանց հեռախոսահամարները, և դիմեց օգտատերերին` հարցերի դեպքում դիմել համապատասխան հարցերով զբաղվող աշխատակցին։ Նույնկերպ Facebook-ի կազմակերպչական հնարավորություններն օգտագործելու փորձեր ներկայումս կատարում է նաև նախագահի թեկնածու Արման Մելիքյանը։ Նա, բացի իր Facebook-յան էջից, բացել է նաև հատուկ էջ և դիմել Հայաստանից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք այդ էջում տեղեկացնեն՝ արդյոք պատրաստվո՞ւմ են մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին, թե՞ ոչ։ Բացասական պատասխանի դեպքում նախագահի թեկնածուն կոչ է անում դրսում ապրող ՀՀ քաղաքացիներին` անպայման իրենց գրառումները թողնել այդտեղ։ Այդ կերպ թեկնածուն փորձում է հաշվել, թե իրականում քանի՞ ՀՀ քաղաքացի է ապրում արտերկրում, և այդպիսով ցանկանում է ինչ-որ կերպ պարզություն մտցնել ընտրացուցակներում, քանի որ, ինչպես թեկնածուն է հայտարարում, ընտրացուցակներում ընդգրկված են բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, ովքեր ապրում են արտասահմանում և իրականում չեն մասնակցում ընտրություններին։ Դրանք ձայներ են, որոնք կարող են օգտագործել տարբեր ընտրակեղծիքներ կատարելու համար։ Facebook-ի միջոցով իր մասին հայտնեց նաև ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նույնչափ անհայտ էր, համենայնդեպս, քաղաքական դաշտի համար, նաև Վարդան Սեդրակյանը։
– Ըստ Ձեր ուսումնասիրությունների՝ ո՞վ է ամենաակտիվ նախագահի թեկնածուն Faceboօk-ում։
– Սոցիալական ցանցի ուսումնասիրության առանձնահատկությունն այն է, որ միանշանակ վարկանիշներ կազմել հնարավոր չէ։ Եթե, օրինակ` սահմանում ենք ակտիվության ինչ-որ չափորոշիչներ, ապա այդպես մենք կարող ենք ինչ-որ բանաձևեր դուրս բերել, սակայն ընդհանուր առմամբ տարբեր թեկնածուներ տարբեր ցուցանիշներով տարբեր վարկանիշներ ունեն։ Օրինակ` Արման Մելիքյանը միակ նախագահի թեկնածուն է, ով մեր ուսումնասիրության առաջին փուլում`դեկտեմբերի 1-ից հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում` նախքան պաշտոնական քարոզչության սկսվելը, մասնակցում էր իր էջում առկա բովանդակային քննարկումներին։ Մնացած ոչ մի նախագահի թեկնածու չի մասնակցել իր էջում տեղադրված նյութի առիթով ընթացող քննարկումներին։ Եթե քննարկենք որևէ նյութի առիթով եղած մեկնաբանությունների քանակը, ապա այստեղ առաջին հերթին պետք է նշել Անդրիաս Ղուկասյանի անունը, որովհետև մեր ուսումնասիրության առաջին փուլում` նախքան հացադուլի գնալը, նրա նյութերի նկատմամբ բարձր հետաքրքրություն էր նկատվում, նյութեր կային, որոնց մեկնաբանությունների քանակը հասնում էր մինչև 99 մեկնաբանությունների։ Խոսքը նրա հատուկ նախագահական ընտրությունների համար բացված էջի բովանդակությանը, ինքնուրույն բովանդակություն կրող նյութերին և ստատուսի դասական օրինակներին է վերաբերում։
Բացի թեկնածուներից, այդ փուլում ուսումնասիրել ենք քաղաքական ուժերի և կողմնակիցների, ինչպես նաև ակտիվ քաղաքական գործիչների էջերը` ՀՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և այլն, այսինքն` բոլոր այն ուժերի, որոնք մեր պատկերացմամբ` պետք է որ մտնեին նախագահական ընտրությունների գործընթացի մեջ, և դիտարկել ենք նաև այս ուղղությամբ։ Այս դեպքում էլ վարկանիշները տարբեր են։
– Այնուամենայնիվ, ո՞վ է թեկնածուներից ամենաակտիվը։
– Չկա այդպիսի մեկը, որը բոլոր ուղղություններով ակտիվ լինի, օրինակ` Արամ Հարությունյանը, երբ արդեն հունվարի 8-ին պարզ դարձավ, որ առաջադրվում է` որպես ՀՀ նախագահի թեկնածու, արդեն հունվարի 9-ին բացեց իր Facebook-յան էջը և սկսեց նյութեր տեղադրել։ Մոտ 20 օրվա ընթացքում նրա տեղադրած նյութերի քանակը շատ ավելին էր, քան, օրինակ` ուրիշ թեկնածուի նյութերի քանակը, որն ավելի վաղուց էջ ուներ Facebook-ում։ Իհարկե, նյութերի քանակն էջում դեռևս չի նշանակում` արդյունավետ քարոզչություն իրականացնել, քանի որ դա նաև հետադարձ կապ է ենթադրում։ Այսինքն` երբ քո տեղադրած նյութերի նկատմամբ հետաքրքրություն կա, քո տեղադրած նյութերը կարդում են, հավանում են, գրում են մեկնաբանություններ կամ տարածում են այն։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա այդ իմաստով ես կարող եմ նույնիսկ մի քանի անուններ նշել, ովքեր միջինը 20-25 մեկնաբանություն ունեն ամեն մի նյութի տակ։ Ամեն մի առանձին գործչի պարագայում այդ ցուցանիշները տարբեր են։
– Որպես ոլորտն ուսումնասիրող մասնագետ/փորձագետ՝ Ձեր կարծիքով՝ ընտրապայքարը տեղափոխվում է դեպի ինտերնե՞տ, թե՞ դեռ վաղ է դրա մասին խոսելը։
– Գլոբալ իմաստով` այո, տեղափոխվում է, որովհետև հիմա արդեն թեկնածուները մեկը մյուսի հասցեին «մեսիջներ» են ուղարկում։ Ճիշտ է, սոցցանցերում մի թեկնածուն մյուսի «պատին» մեկնաբանություններ չի գրում (թեկնածու ասելով` բանախոսը նկատի ունի նաև ոչ միայն կոնկրետ տվյալ թեկնածուին, այլև այն ադմիններին, ովքեր վարում են նրանց էջերը.- Լ.Մ.) սակայն, մեկը մյուսի էջում տեղ գտած բովանդակության առիթով կարող են արձագանքել արդեն իրենց էջերում։ Այո, ես կարծում եմ, որ աստիճանաբար քարոզարշավը տեղափոխվում է դեպի ցանցային տարածք։ Որքանո՞վ է դա արդյունավետ` ներկայումս՝ դժվարանում եմ պատասխանել։ Որովհետև, օրինակ` Facebook-ի օգտատերերի քանակն այսօր կազմում է շուրջ 376 հազ., որոնց 84%-ն ունեն ընտրելու իրավունք և պոտենցիալ ընտրողներ են։ Իհարկե, հակված չեմ պնդելու, որ այդ 376 հազարից բոլորը ռեալ, կոնկրետ մարդիկ են, քանի որ բոլորս էլ գիտենք, որ օգտատերեր կան, ովքեր մի քանի էջեր (profile-ներ) ունեն, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի նման երկրի համար, որն ունի փոքր ընտրազանգված, դա շոշափելի մի հատված է, բացի այդ` դա ինտելեկտուալ հատվածն է հասարակության, որը քաղաքականապես ավելի ակտիվ և քաղաքացիական որոշակի դիրքորոշում ունեցող հատված է։