Մոսկվան մտահոգված է իր հասցեին հնչող մեղադրանքներով (տեսանյութ)

Պարույր Հայրիկյանի վրա արված կրակոցը կատարվել է չափազանց ոչ պրոֆեսիոնալ ձևով: Այս մասին այսօր «Նովոստի» տեղեկատվական գործակալությունում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով մեկ այլ քաղաքագետի՝ Ալեքսանդր Մարկարովի հետ մասնակցում էր ռուսաստանյան մասնագետների հետ կազմակերպված հեռուստակամուրջին: «20-30 սմ-ից մեկ անգամ գնդակը կպել է անրակին և անրակից անդրադարձել է (ընդհանրապես անրակը կարելի է կոտրել բռունցքի ուժեղ հարվածով) և գնացել փափուկ մկանների մեջ, երկրորդ կրակոցը, երբ մահափորձ կատարողը փորձել է կատարել, 63-ամյա մարդը` Պարույր Հայրիկյանը` այդ պահին արդեն վիրավոր, կարողացել է իր մարմինը թափահարելով՝ փոխել գնդակի հետագիծը»,- ժպտալով ասաց Իսկանդարյանը:

Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց նաև այն մասին, թե կատարվածն ի՞նչ ազդեցություն կունենա նախընտրական քարոզարշավի վրա, ինչպես նաև անդրադարձավ, իր խոսքերով՝ «հանրահայտ «ո՞ւմ է սա ձեռնտու» հարցին:

«Նախագահի թեկնածուներից և նրանց ներկայացնող քաղաքական ուժերից ոչ մեկին սա բացարձակապես ձեռնտու չէ: Պարույր Հայրիկյանը, այսպես ասենք, ընտրությունների ֆավորիտը չէր, և նա ամեն դեպքում չուներ հեռանկար` հասնելու առաջին տեղին, կարծում եմ` նրա հեռանկարները չէին հասնում նաև երկրորդ, իսկ հնարավոր է՝ նաև երրորդ տեղերին, հետևաբար` մրցակցին վերացնելու իմաստով սա որևէ մեկին չէր կարող ձեռնտու լինել»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հետևաբար` սա կրակոց էր ոչ թե թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, սա կրակոց չէր` փոխելու ընտրությունների արդյունքը, սա կրակոց էր համակարգի, պետության հեղինակության և, եթե կուզեք, ազգային խորհրդանիշի վրա, որովհետև պարոն Հայրիկյանը, ամեն դեպքում, անկախության խորհրդանիշն է»,- նշեց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Իսկ միջադեպի հետևանքների մասին Իսկանդարյանը նշեց, որ ընտրություններն  այնքան խաղաղ և հանգիստ, ինչպիսին պետք է լինեին մինչև կրակոցը, արդեն չեն լինի, բայց նաև կարծիք հայտնեց, որ ամեն դեպքում՝ ընտրությունների արդյունքները փոխելը հնարավոր չի լինի, կարող է փոխվել միայն ուժերի հարաբերակցությունը:

Իսկ ԱՊՀ երկրների հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն, իր հերթին, նույնպես կարծիք հայտնեց, որ գործող թեկնածուներից որևէ մեկին դժվար թե ձեռնտու լինի ընտրությունների հետաձգումը կամ նոր ընտրությունների անցկացումը, հետևաբար՝ նա կարծում է, որ մահափորձը չէր կարող կազմակերպված լինել նրանցից որևէ մեկի կողմից: Ալեքսանդր Մարկարովը նույնպես անդրադարձավ «ո՞ւմ է սա ձեռնտու» հարցին: «Ինքը՝ Հայրիկյանը, փորձեց ինչ-որ արտաքին ուժերի «ականջներից քաշել», սակայն բավական դժվար է դրան հավատալ. ինչպես ասում են` «դժվար է գտնել սև կատվին մութ սենյակում, հատկապես՝ երբ նա այնտեղ չէ»»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Հիշեցնենք, որ մահափորձից հետո Պարույր Հայրիկյանը, որպես մահափորձի հնարավոր կազմակերպիչ՝ ակնարկեց  Ռուսական հատուկ ծառայությունների և «ռուսական իմպերիալիզմի» մասին:

Իսկ Մոսկվայի ստուդիայից Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևն իր ելույթում նշեց, որ առաջին հերթին՝ միջադեպը ձեռնտու չէ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ում նա անվանեց ընտրությունների ֆավորիտը:

«Ոչ պակաս չափով այն ձեռնտու չէ նաև այն ուժերին, որոնք մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, դրանք, իհարկե, առաջին հերթին՝ այն խոշոր քաղաքական ուժերն են, ինչպես «Բարգավաճ Հայաստանը», Հայ Հեղափոխական դաշնակցությունը և Հայ ազգային կոնգրեսը»,- ասաց Արեշևը: Սակայն նա նաև ավելացրեց, թե այն, որ միջադեպը որևէ մեկին ձեռնտու չէ, դեռ չի նշանակում, որ այն չի օգտագործվելու է այս կամ այն ուժի կողմից այս կամ այն նպատակով:

Հետաքրքիր է, որ ռուս փորձագետը կարծիք հայտնեց, թե «կարելի է չկասկածել, որ հետաքննությունը կպարզի, թե ով է կատարել հանցագործությունը»: Արեշևը նաև խոսեց շրջանառվող «աշխարհաքաղաքական վարկածների» մասին` նշելով. «Այն, ինչ կատարվում էր միջադեպից հետո և որոշ միտումներ` կապված Հայաստանում կայանալիք ընտրությունների և արտաքին ուժերի արձագանքի հետ, առաջին հերթին` տարբեր արևմտյան կազմակերպությունների կողմից, դրանք, իմ կարծիքով, մտահոգվելու տեղիք են տալիս: Նախևառաջ` ուշադրություն գրավեց այս միջադեպում, այսպես ասած, «Մոսկվայի ձեռքի» ինտենսիվ փնտրտուքը: Ես չեմ ասի, թե այդ փորձերն ունեին մասսայական բնույթ, բայց դրանք բավական ակտիվ կերպով հնչեցին լրատվական դաշտում: Իհարկե, այստեղ շատ դժվար է դրան լուրջ վերաբերվել, քանի որ «КГБ»-ն և Խորհրդային Միությունը, որոնց մասին խոսում էին մի քանիսը, այդ թվում, ցավոք սրտի, տուժող թեկնածուն, գոյություն չունեն արդեն ավելի քան 20 տարի»:

Արձագանքելով ռուս փորձագետի այս տեսակետին` Ալեքսանդր Իսկանդարյանը հորդորեց այդքան չվրդովվել Մոսկվայի ուղղությամբ հնչող մեղադրանքներից, քանի որ, իր խոսքերով, այս օրերին հայկական մամուլում հնչել են ամենատարբեր «էկզոտիկ» վարկածներ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Հյուսիսի, և՛ Հարավի միջամտության վերաբերյալ:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս