Ատամնաբույժները կլքեն Հայաստանը
Այսօր առավոտյան Ազգային ժողովի շենքի դարպասների դիմաց բողոքի ցույց են կազմակերպել հայաստանցի ստոմատոլոգները: Նրանք պահանջում են ԱԺ-ից՝ իրենց գործունեության մասին ընդունված օրինագիծն ի չիք համարել: Նշենք, որ խոսքը վերաբերում է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքին, որը տարածվում է նաև ատամնաբուժական գործունեություն իրականացնողների վրա։ Նոր օրենքով, մասնավորապես, Երևանում յուրաքանչյուր բազկաթոռի համար հարկ կլինի վճարել 80 հազար դրամ` նախկին 15-20 հազարի փոխարեն։
Ըստ ատամնաբույժների՝ հարկային ճնշումների հետևանքով՝ իրենցից շատերը կլքեն երկիրը: «Մանեդ» ատամնաբուժական կլինիկայի տնօրեն Մանուկ Գասպարյանի խոսքով՝ օրինագծի ուժի մեջ մնալու հետևանքով՝ Հայաստանում ատամնաբույժ չի մնա: «Լուծումն առաջարկել են. ինչքան շատ ձգվի, էնքան քիչ ստոմատոլոգ ա մնալու երկրում: Էդքան մի բան: Իրենց էլ տենց մի բան ա պետք մոնոպոլիզացիայի համար: Ինչքան կաբինետներ կփակվեն, այնքան մեծերի աշխատանքը հեշտ կլինի կազմակերպել»,- ասաց Մ. Գասպարյանը, ում փոխանցմամբ՝ իրենք պահանջում են վերականգնել հարկային նախկին պարտավորությունները: Աբովյանի ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Հրաչ Հովհաննիսյանը նշեց, որ ցանկացած երկրում, երբ ինչ-որ օրենք են ընդունում, պետք է քննարկվի հանրային շրջանակում, մինչդեռ մեզ մոտ հանրային կարծիքը հաշվի չեն առնում: «Դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովն ընդհանուր փաթեթով անց է կացրել սխալ օրենք՝ հենց էն գլխից գրել են՝ ատամնաբուժական ծառայություն: Տենց բան չկա, որովհետև հիմա ատամնաբույժ չկա: Ատամնաբույժները եղել են մինչև 1960-ական թթ., իսկ հիմա կա բժիշկ-ատամնաբույժ»,- ասաց Հրաչ Հովհաննիսյանը: Հարցին, թե ի?նչ ակնկալիք ունեն բողոքի ցույցերի կազմակերպմամբ, բժիշկ-ատամնաբույժը պատասխանեց. «Ցավալի է, որ ժողովրդի նկատմամբ անբարոյական, անտարբեր վերաբերմունք ունեն, կոպիտ ասած՝ «թքած ունեն» ժողովրդի վրա: Էսօր մենք ենք, վաղը-մյուս օրը՝ ուրիշ մարդիկ կլինեն: Հենց դա է մեզ հուզում: Կամաց-կամաց դաշտը գնում է մոնոպոլիզացման»: Իսկ հաջորդ հարցին, թե ո՞ւմ է պատկանելու այդ մոնոպոլիան, Հ. Ներսիսյանը պատասխանեց. «Էս օրվա դրությամբ՝ օլիգարխները կլինիկաներ են բացում համապատասխան վերջին գներով, ու նրանց համար, ոնց որ էդ գումարը պապական եկած լինի, կամ գնացել են գանձ են գտել, իսկ էս երկրում աշխատող մարդը, եթե անգամ տասնապատիկ աշխատավարձ ստանա, չի կարա էդքան գումար ստեղծի»: Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք պահանջում են, որ իրենց գործունեությունը մնա, ինչպես նախկինում էր. «Ասում են՝ սառույցը տեղաշարժվել ա: Մենք ասում ենք, որ ոնց եղել ա բժշկական համակարգը, թողնեն նույնը: Ինչո՞ւ եք մեզ համեմատում գիշերային ակումբների կամ կազինոների հետ: Վերջիվերջո, էս երկրի քաղաքացին եք»,- ավելացրեց Հ. Հովհաննիսյանը:
Նշենք, որ ԱԺ դարպասների մոտ բժիշկ-ստոմատոլոգների հետ հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով լսեց բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունները: